Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նպատակն այն է, որ խորհրդարանը կարողանա իր լիազորությունների շրջանակներում վերահսկել կոռուպցիոն դրսևորումները և համապատասխան նախաձեռնություններ ներկայացնել Ազգային ժողով: Ըստ նախագծի` նախատեսվում է հանձնաժողովում ընդգրկել 6 ներկայացուցիչների` խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերից («Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ): Հանձնաժողովը նախատեսում է համապատասխան աշխատանքային հնարավորություններ և լիազորություններ»,- ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը նաև նշեց, որ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի` ԱԺ նախագահը պետք է որոշի, թե որ հանձնաժողովն է գլխադասային` հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը քննարկելու և ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար:
«Նրա դրական կամ բացասական եզրակացությունից պարզ կլինի` հակակոռուպցիան ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մտնո՞ւմ է ԱԺ օրակարգ, թե՞ ոչ»,- ամփոփեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:









































