Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին քննադատել է Սիրիայի անցումային կառավարության ստեղծման հավանականությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պատկերացումներն այն մասին, թե երկրում հնարավոր է վերահսկել իշխանության փոխանցումը, երազանք է. հայտարարել է Սալեհին սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ:
«Ես կարծում եմ` միամտություն է կարծել, որ եթե Սիրիայում իշխանության վակուում առաջանա, ապա այն հնարավոր կլինի լցնել այլ կառավարությամբ: Դա երազանք է: Մենք պետք է ուշադիր հետևենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Սիրիայի տարածքում»,- ասել է Սալեհին:
Նշենք, որ կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011թ.-ի մարտից: Բախումների զոհ է դարձել 12-17 հազար մարդ: Զոհերի թիվը շարունակում է աճել:










































