ԱՄՆ Կոլորադո նահանգում Բեթմենի ֆիլմի պրեմիերայի ժամանակ 12 մարդու սպանած Ջեյմս Հոլմսը հաճախել է հոգեբանի մոտ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հոլմսի փաստաբանի հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ողբերգությունից առաջ կասկածյալը Կոլորադոյի համալսարանի հոգեբան Լին Ֆենտոնին նոթատետր էր ուղարկել, որտեղ նա մանրամասն նկարագրել է ծրագրած ոճրագործությունը:
Արփահո շրջանի դատարան փաստաբանի ներկայացրած հայտարարության մեջ նշվում է, որ «Հոլմսը եղել է հոգեբան Ֆենտոնի հաճախորդը, և նրանց շփումը բժշկական գաղտնիք է»:
Այս պահին նոթատետրը գտնվում է FBI-ի տրամադրության տակ:
Հիշեցնենք. Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ Հոլմսի հրաձգության հետևանքով զոհվել էր 12, վիրավորվել 59 մարդ: Հաղորդվում էր, որ Հոլմսը իրեն երևակայել է Բեթմենի թշնամի Ջոքեր:








































