Ինչպես տեղեկացնում է Թերթ.am-ը, հղում կատարելով vesti.ru-ին, մերձմոսկովյան Իստրայում ձերբակալվել է բռնաբարության և երկու աղջիկների սպանության մեջ մեղադրվող երկրորդ կասկածյալը: Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին, երբ 2 ընկերներ որոշել էին Խիմկի քաղաք հասցնել էլեկրտագնացքից ուշացած 2 աղջիկների: Սակայն դրա փոխարեն չարագործները աղջիկներին տարել էին անտառ, բռնաբարել ու խեղդամահ արել: Կասկածյալները իրենց մեղքը չեն ընդունում, սակայն քննությունը պնդում է, որ իրենց ձեռքում են հայտնվել սպանություն իրականացնողները:
Քննչական խումբը նշում է, որ կատարվածի մասին հստակ պատկերացում ունի: Ըստ քննիչների՝ հայտնի են հանցագործների անունները, և նրանք էլ ձերբակալված են: Նախօրեին իրավապահները ձերբակալել էին Մոլդովայում ծնված 24-ամյա Վլադիմիր Գրիգորյանին, ով իր մեղքը չի ընդունում, սակայն քննությունը Գրիգորյանի դեմ էական փաստեր ունի:
Իսկ այսօր ձերբակալվել է և հարցաքննվել գործի ևս մեկ կասկածյալ` 28-ամյա գործարար Էդուարդ Ռանետան: Նա նույնպես պնդում է, որ աղջիկների սպանության հետ առնչություն չունի: Գրիգորյանի հետ նրանք վաղեմի ընկերներ են:
Հուլիսի 12-ին ուշ երեկոյան Մարգարիտա Յուկուսը և Օլգա Կրյաժևան ուշացել են վերջին էլեկտրագնացքից: Որոշել են մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ամառանոցից մինչև Խիմկի քաղաք հասնել պատահական ավտոմեքենաներով և այդ մասին հեռախոսով տեղեկացրել են բարեկամներին:
Աղջիկները արծաթագույն մեքենա են կանգնեցրել: Սակայն տուն հասցնելու և օգնության փոխարեն` աղջիկներին մեքենայով տարել են անտառ: Նրանք թեքվել են դեպի լքված ճամբար` ասելով, թե շրջանցում են ճանապարհի խցանումը, հարձակվել են աղջիկների վրա, բռնաբարել և ապա սպանել նրանց:
Արվեստի քոլեջն ավարտած աղջիկները գեղեցկադեմ և բարձրահասակ էին: Հնարավոր է, որ հենց այդ գեղեցկությունն է հանցագործների մղիչ ուժը եղել:
Աղջիկների մարմինները հայտնաբերվել են հուլիսի 14-ին: Մարդասպանները իրենց այնքան լկտի են պահել, որ անհասկանալի է, թե ինչու իրենց ավելի վաղ չեն ձերբակալել:
Վլադիմիր Գրիգորյանը զանգահարել է մոսկովյան թերթերի և հեռուստակայանների խմբագրություններ և առաջարկել 1 մլն ռուբլու դիմաց արժեքավոր տեղեկություններ հաղորդել կորած աղջիկների մասին, սակայն նրան մերժել են՝ կարծելով, թե հոգեկան հիվանդ է:
Անմիջապես այն բանից հետո, երբ աղջիկների սպանված մարմինները հայտնաբերվել են, քննչական օպերատիվ շտաբ է ստեղծվել, որում ընդգրկվել են ամենափորձառու քննիչները: Սակայն առաջին տեղեկությունները հայտնվել են միայն երկու օր առաջ: Գտնվել է մի ականատես, ով նկատել է, որ հուլիսի 12-ի երեկոյան աղջիկները արծաթագույն մեքենա են նստել` ոչ հեռու այն վայրից, որտեղ հետագայում հայտնաբերվել են նրանց մարմինները:
Վլադիմիր Գրիգորյանը դատարանի դահլիճում կալանավորվել է: Նա այժմ ամբողջ մեղքը գցում է հանցակիցների վրա, որոնք նրա խոսքով` արդեն հինգն են եղել:
Այն, որ Գրիգորյանը ազգությամբ հայ է, կարելի է միայն ենթադրել: Այնուամենայնիվ, նրա ազգության մասին ռուսական լրատվամիջոցները չեն նշում:



















































