«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր միջոցառում` կանանց նկատմամբ բռնության կանխարգելման նպատակով: «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության փոխնախագահ Նոնա Արուճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց,որ կազմակերպության առաքելությունն է գենդերային բռնությունների դեմ պայքարը, և այս անգամ փորձել են անդրադառնալ հեռուստասերիալներին և դրանցում տեղ գտած բռնություններին, ընտրել են Արմենիա հեռուստատեսությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» սերիալն այն պատճառով, որ սերիալների մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ամենադիտելին «Դժվար ապրուստն է»:
Ուսումնասիրվել է «Դժվար ապրուստ» հեռուստասերալի 730 րոպե, որոնցից կանանց մասնակցությամբ տեսարաններ տևում են 550 րոպե: Կանանց նկատմամբ բռնությունների, լացի և ընկճվածության տեսարանները 328 րոպե է տևել (60 տոկոս): Ուսումնասիրված գլխավոր դերասաններից 10 կանայք բոլորն էլ ենթարկվել են բռնության, նրանցից ոչ ոք չի աշխատում և ոչ ոք չունի սեփական որոշում կայացնելու իրավունք: Կանանց նկատմամբ ֆիզիակակն բռնությունը 6.2 տոկոս է (34 րոպե), հոգեբանական բռնությունը 22 տոկոս (120 րոպե), սեռական բռնությունը 0.7 տոկոս (4 րոպե):
Ուսումնասիրության արդյունքները նաև ցույց են տվել, որ ՀՀ բնակչության 81 տոկոսը հեռուստացույցի առջև ծախսում է առնվազն 3 ժամ: Հայկական հեռուստասերիալներ դիտում է ՀՀ բնակչության 80 տոկոսը:
Հեռուստասերիալները, փոխնախագահի խոսքով, աշխարհում ընդունված են, և եթե կա պահանջարկ, կա նաև առաջարկ: Խնդիրն այն է, որ շատ հեռուստասերիալներում դերերը լղոզված են, չկան դրական և բացասական կերպարներ, որոնք կարող են օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Դրական կերպարը կատարում է բռնություն և դառնում բացասական կերպար, իսկ երիտասարդ սերունդը արագ ընդօրինակում է այն, ինչ տեսնում են սերիալներում»,-ասաց Նոնա Արուճյանը:
Սերիալները, նրա խոսքով, հասարակությանը դեգրադացնելու նպատակ ունեն, սակայն, որքանով է սա քաղաքականություն, կազմակերպության փոխնախագահը դժվարանում է պատասխանել:
Ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը նշեց, որ դիտում է սերիալ, քանի որ իրենց տանն իր տատիկը դիտում է բոլոր սերիալները: Նա նշեց, որ ինքը ինքնաբուխ է եկել ակցիային, քանի որ սերիալներում՝ մասնավորապես «Դժվար ապրուստ» սերիալում, բռնության տեսարանները շատ են: Երիտասարդը վստահեցրեց, որ կնպաստեն սերիալներում բռնության տեսարանների նվազմանը, քանի որ այսօր կա մեծ հասարակական ակտիվություն:
Կազմակերպության կամավորներից Մարիետան մեզ հետ զրույցում նշեց, որ ակցիան ոչ թե կոնկրետ «Դժվար ապրուստի» դեմ է ուղղված, այլ ընդհանրապես բոլոր սերիալիների դեմ, որոնք քարոզում են բռնություն:








































