Տաջիկստանը փակել է Աֆղանստանի հետ սահմանի իր բոլոր անցակետերը: Այս մասին ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է տաջիկյան սահմանային ծառայութան ներկայացուցիչ Խուշնուդա Ռախմատուլլաևը: Նշվում է, որ նման որոշում կայացվել է՝ կապված Լեռնային Բադահշանի ինքնավար մարզում տարվող ռազմական գործողությունների հետ:
Գործակալության տվյալներով՝ ինքնավար մարզի և Աֆղանստանի միջև տարածքը փակվել էր դեռ հուլիսի 24-ին (հատուկ գործողություն սկսելու օրը): Ավելի ուշ՝ հուլիսի 26-ին փակվել են տաջիկա- աֆղանական ամբողջ երկայնքով բոլոր մյուս անցակետերը:
Ռախմատուլլաևի խոսքերով՝ բացառություն արվել է միայն ՆԱՏՕ-ի բեռնատարների համար:
Նշենք, որ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվածների թվում եղել է Աֆղանստանի 8 քաղաքացի, որոնք ամենայն հավանականությամբ «Թալիբանի» անդամներ են:
Ոչ պաշտոնապես հաղորդվում էր նաև, որ զինյալների առաջնորդներից մեկը՝ Տալիբ Այեմբեկովը փախել է Աֆղանստան և այնտեղ ուժեր է հավաքում «կառավարական զորքերին ադեկվատ պատասխան տալու համար»:
Աֆղանստանի իշխանություններն իրենց հերթին խոստացել են ուժեղացնել սահմանի հսկողությունը:
Հուլիսի 24-ին Լեռնային Բադահշանի ինքնավար մարզում հատուկ գործողություններ են սկսվել զինված խմբավորման չեզոքացման համար: Տաջիկստանի իշխանությունները հենց այդ խմբավորման վրա են դրել հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլահ Նազարովի սպանության պատասխանատվությունը:
Պաշտոնական տվյալներով՝ հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է խմբավորման 30 անդամ, ևս 40-ը ձերբակալվել է: Հաղորդվում է նաև, որ զոհվել է ուժային կառույցների 12, վիրավորվել՝ 23 անդամ: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ, ըստ պաշտոնական տվյալների, չկան:










































