Քիչ առաջ գլխավոր դատախազության շենքի մոտ մեկնարկեց ակցիա` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ 1 տարի անց վերսկսվում են ուրբաթօրյա ակցիաները գլխավոր դատախազության շենքի մոտ:
Ըստ պատգամավորի` դրա մեղավորը իշխանություններն են. «Ունենք դատարանի որոշում 4 ակտիվիստների ազատազրկման վերաբերյալ, դատարանը ստիպեց շուրջ 150 ակցիաներից հետո վերականգնել ուրբաթ օրերին անցկացվող ակցիաները` մինչև երկրում վերանան քաղբանտարկյալները»,- մանրամասնեց Արամ Մանուկյանը` հավելելով, որ այս խնդրով դիմել են բոլոր` թե՛ միջազգային, թե՛ տեղական կառույցներին` սպասելով արձագանքների:
Նա նաև դրական համարեց այն, որ ակցիային միայն ՀԱԿ-ը չէ, որ մասնակցում է` միացել են քաղաքացիական որոշ նախաձեռնություններ, այսինքն` հասարակության լայն շերտերն են շահագրգռված Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով: Այս դեպքում ևս Արամ Մանուկյանը նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետք է լինի հասարակական ճնշում:
«Եթե չլինի հասարակական ճնշում, Տիգրան Առաքելյանը չի ազատվի: Մենք մեր ջահելներին բանտում չենք թողնի»,- նկատեց նա:
Այս պահին շուրջ 50 ակտիվիստներ, քաղաքական գործիչներ դատախազության շենքի դիմացի մայթին հավաքված` վանկարկում են «Ազատություն»` արձանագրելով, որ քաղաքացիական հասարակությունը վրդովված է:









































