Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայում և «Բոնիլաթ» ընկերությունում՝ հայտնաբերելով բազմաթիվ խախտումներ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
«Լուսակերտի» թռչնաֆաբրիկան արդեն տուգանվել է առավելագույն չափով՝ 300 հազար դրամով: Ըստ Պիպոյանի՝ չի բացառվում, որ «Բոնիլաթ» ընկերությունն էլ առաջիկայում նույնքան կտուգանվի: «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայում ծառայության աշխատակիցները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել՝ ապրանքը թերի է մակնշվել, արձանագրվել է աշխատակիցների հիգիենայի բացակայություն, ֆաբրիկայի ընդհանուր սանիտարական վիճակը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին:
Սննդի անվտանգության ծառայությունը ներկայումս ստուգումներ է իրականացնում մսամթերքի և պաղպաղակի շուկաներում: Արդեն իսկ արձանագրվել են որոշակի խախտումներ: Մակնշման խնդիրներ են արձանագրվել «Արմ Սվիթ, «Երևան կաթ», «Աշտարակ կաթ», «Թամարա», «Շանթ» ընկերություններում: Լաբորատոր ուսումնասիրություններից հետո կպարզվի՝ այլ խախտումներ է՞լ կան, թե՞ ոչ:
Թե՛ պաղպաղակի, թե՛ մսի շուկաներում առկա է ապրանքի պահպանման կանոնների անհամապատասխանություն:
Բազմաթիվ խախտումներ կան մսի շուկայում: Մսավաճառները ծառայության նախորդ տարվա ստուգումներից հետո ստիպված են եղել գնել սառնարաններ, բայց ապրանքը դարձյալ վաճառում են ոչ սառնարանային պայմաններում:
«Այլ խնդիրներ էլ կան` համազգեստների հիգիենիկ վիճակն անտանելի է: Եթե մենք մոտենում ենք տաղավարին և տեսնում, որ մեկը սիգարետը բերանին միս է վաճառում, ուղղակի պիտի հեռանանք այդ տաղավարից»,- նշեց Պիպոյանը:
Նրա խոսքով՝ հասարակությունն է ստիպում, որ տնտեսվարող սուբյեկտները միսը վաճառեն հենց տաղավարից: «Մսավաճառներն ասում են՝ մեր ժողովուրդը մինչև մսին ձեռք չտա, միսը շուռ չտա` չի գնի: Սառնարանից միս չեն գնում»,- նշեց նա:






































