Չինաստանի Ցունցին քաղաքում կոմունիստական կուսակցության նախկին առաջնորդ Բո Սիլայի կնոջ՝ Հու Կայլայի դեմ մեղադրանք է ներկայացվել բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Xinhua գործակալությանը: Հեյվուդի սպանության գործով որպես մեղադրյալ հանդես է գալիս նաև Լի Սյաոցզյունը, որն աշխատել է Բո Սիլայի ընտանիքում:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ Հու Կայլայի մեղքն ապացուցող «անհերքելի ապացույցներ» ունեն: Կայլային սպասվում է մահապատիժ:
Բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդը, որը Չինաստանում է ապրել ավելի քան 10 տարի, մահացել է 2011թ. նոյեմբերին 41 տարեկանում: Սկզբնապես Չինաստանի իրավապահ մարմինները նրա մահվան պատճառ նշեցին ալկոհոլից թունավորումըʽ չնայած այն բանի, որ այդ ժամանակ դեռ հիշատակվում էր, որ Հեյվուդը նախկինում երբեք չի չարաշահել ալկոհոլը:
2012թ. ապրիլին հայտնի դարձավ,որ բրիտանացի գործարարի սպանության գործով ձերբակալվել է Բո Սիլայի կինը: Հետաքննության տվյալներով՝ Հեյվուդի և Հու Կայլայի որդու մոտ տարաձայնություններ են առաջացել՝ կապված ֆինանսական հարցերի հետ: «Վախենալով, որ Հեյվուդը կարող է սպառնալ որդու անվտանգությանը՝ Հու Կայլայը և նրա ծառան թունավորել են բրիտանացի գործարարին»,- ասվում է Xinhua –ի հաղորդագրության մեջ: Թե ինչպիսի կապեր ունեին գործարարն ու քաղաքական գործչի որդին, չի նշվում:
Բրիտանական ԶԼՄ-ները Նիլ Հեյվուդի մասին հոդվածներում ենթադրում են, որ բրիտանացի գործարարն օգնել է Բո Սիլային և նրա կնոջը երկրից դուրս հանել մոտ մեկ միլիարդ դոլար, որը նրանք ստացել էին կոռուպցիոն ճանապարհով: Հեյվուդի սպանության պատճառն էլ, ըստ ԶԼՄ-ների, եղել է նրա ծառայության դիմաց տրվող հոնորարի հարցը: Այս տվյալները պաշտոնապես չեն հաստատվել: ԶԼՄ-ներում նաև լուրեր են պտտվում, որ Հեյվուդը համագործակցել է բրիտանական հետախուզության հետ, սակայն այդ տարբերակը հերքվել է Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից:








































