Իտալիայի իշխանությունները թույլ են տվել գերեզմանից դուրս բերել ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդիի ոսկորները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Արտաշիրիմում կատարելու խնդրանքով նրանց էին դիմել Գարիբալդիի հետնորդները, որոնք ցանկանում են համոզվել` Կապրերա կղզում իսկապե՞ս իրենց հայտնի նախնին է հանգչում: Գարիբալդիի հետնորդները ենթադրում են, որ նրա գերեզմանը կարող է դատարկ լինել:
Թույլտվությունը տրամադրվել է այն բանից հետո, երբ հետնորդների խնդրանքը աջակցություն է ստացել Իտալիայի մշակույթի նախարարության կողմից: Նախատեսվում է Գարիբալդիի ոսկորները գերեզմանից հանել սեպտեմբերի վերջին:
Ջուզեպպե Գարիբալդին, որը գլխավոր դեր է ունեցել Իտալիայի միավորման գործում, մահացել է 1882 թվականին` 74 տարեկանում: Մահվանից առաջ նա խնդրել էր իր համար ճոխ հուղարկավորություն չկազմակերպել և դիակիզում իրականացնել: Սակայն նրա վերջին կամքը չի կատարվել: Եթե նրա ոսկորների իսկությունը հաստատվի, ապա չի բացառվում, որ դիակիզում կիրականացվի:








































