Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հանդիպման առաջարկ ստանալու դեպքում անպայման կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Մենք առաջարկ ստանալու դեպքում անպայման կհանդիպենք լսելու, որոշ հարցեր քննարկելու, ինչու չէ նաև մեր մտահոգությունները հայտնելու համար: Սակայն կարծում եմ, որ դա մեծ հաշվով մեր քվեարկության վրա չի անդրադառնա, որովհետև ինչպես գիտեք՝ մենք փորձել ենք առաջադրել մեր թեկնածուին»,- ընդգծեց Միրզոյանը:
Նա հավելեց, որ իրենք ֆորմալ առումով չկարողացան առաջադրել իրենց թեկնածուին, սակայն շեշտեց, որ, այնուամենայնիվ, պետք է շարունակեն իրենց թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը:
Արարատ Միրզոյանը նաև շեշտեց, որ իրենք Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու են, սակայն նրա թեկնածությանը դեմ են քվեարկելու: