Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը կանցկացվի Թուրքիայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Բաքվում անցկացված եռակողմ 5-րդ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։ Հերթական հանդիպումը կանցկացվի Թուրքիայում։ Հավանաբար, կկազմակերպվի նաև գործարարների հանդիպում»,-ասել է նա։
Չավուշօղլուն ընդգծել է, որ երեք երկրների միջև առկա են ամուր բարեկամական և եղբայրական հարաբերություններ։ «Մենք կընդլայնենք այս եռակողմ ձևաչափը։ Այսօրվա հանդիպումը շատ արդունավետ էր»,-ասել է նա։
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումների ձևաչափը և ընդլայնել համագործակցությունը՝ կիրառելով ներուժն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը և այլն։