Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը հերթական կարևոր քալն է՝ ուղղված Եվրասիայում առևտրային և տնտեսական կապերի բարելավմանը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Նրա խոսքով՝ երկաթուղին կարևոր նշանակություն ունի Մետաքսի ճանապարհի համար: «Մենք երկար ժամանակ խոսում ենք Մետաքսի ճանապարհի կարևորության մասին, կարծում եմ՝ այսօր երկաթուղու գործարկումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ»,- ասել է Սեկուտան:
Հիշեցնենք՝ այսօր բացվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը կառուցվել է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։ Միջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 մլն տոննա բեռ։
Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի 1 մլն ուղևորի և 6.5 մլն տոննա բեռի մակարդակի վրա։ Սկզբում երկաթուղու շահագործման մեկնարկը ծրագրված էր մինչ 2016 թվականի վերջ, սակայն այնուհետև ժամկետը տեղափոխվել է 2017 թվականի երկրորդ կես։