Վաշինգտոնում անցած Համաշխարհային բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մի շարք մանրամասներ է պատմել. «Խոսակցությունն այն մասին էր, թե ինչպես ներդրումների և բարեփոխումների միջոցով բարձրացնել արտադրողականությունը և տնտեսական մրցակցությունը»:
Գաբրիելյանի խոսքով, նախագծերն առնչվում են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ գյուղատնտեսությունից մինչև առողջապահություն, կրթությունից մինչև ենթակառուցվածքների զարգացում. «Համաշխարհային բանկը մեր բոլոր դոնորներից ամենախոշորն է, թե՛ ընդգրկվածությամբ, թե՛ ոլորտների շրջանակով և թե տարիների ընթացքում հատկացված գումարի չափով»:
Փոխվարչապետի խոսքով, Հայաստանի իշխանությունները նախատեսում են Համաշխարհային բանկի օգնությամբ, գյուղական ճանապարհները կապելով խոշոր մայրուղիներին, հեշտացնել գյուղական ապրանքների առաքումը: Նոր ծրագրերը ենթադրում են ոչ միայն առարկայական ներդրումներ, նշում է փոխվարչապետը.
«Դրանք ենթադրում են որոշակի քաղաքականություն, ռեֆորմների իրականացում, որոնք օգնում են տնտեսական աճին, օգնում են առավել արագ տեմպերով զարգացնել արտահանումը, տնտեսական աճը ներառական դարձնել»:
Վաշինգտոնից Վաչե Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ Կալիֆոռնիայի նահանգային մարմինների հետ քննարվելու են Հայաստանի Հանրապետության և տնտեսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Կալիֆոռնիա նահանգի հետ տնտեսական հարաբերությունների սերտացման հեռանկարներ: