Մասիս քաղաքում՝ Վանաձորի օրինակով, նախընտրական կրքերը դեռևս եռում են և ոչ մի կերպ չեն հանդարտվում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մեծ ծեծկռտուք էր եղել քաղաքում, որին մասնակցել էր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը և նրա սանիկը։Երեկ էլ մամուլը գրեց, որ իրականում ոչ միայն եղբայրն է առնչվում այս միջադեպին, այլև անձամբ Մասիսի քաղաքապետը։ Ծեծկռտուքն էլ եղել է խորհրդարանական ընտրություններին նախորդած դեպքերի շարունակություն։ Քաղաքապետի շրջապատի թիրախում կրկին հայտնվել են Սամվել Հակոբյանն ու նրա շրջապատը, որոնք ընտրությունների ժամանակ աշխատում էին պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու, այժմ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի համար։ Ըստ հրապարակումների՝ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և իր շրջապատը որոշել են «գծերից քցել» Հակոբյանին և դաժան ծեծի են ենթարկել վերջինիս:
«Առաջին լրատվական»-ն այս ամենի հետ կապված մի քանի հարց ուղղեց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
– Պարոն Համբարձումյան, մամուլը գրում է, որ Մասիսում կրիմինալ, լարված մթնոլորտ է: Բնակիչների անդորրը խախտվել է ձեր նախընտրական և հետընտրական վեճերի պատճառով:
– Մասիսում ոչ մի արտառոց մթնոլորտ էլ չկա: Բոլորը բնականոն հունով շարունակում են ապրել: Լարված մթնոլորտ չկա: Չգիտեմ, թե ինչի համար են այդ ամենը գրում, ում է դա ձեռք տալիս: Չնայած գիտեմ, թե ինչ են ուզում դրանով անել, բայց լուրջ չեմ ընդունում: Դա պատվեր է, ես գիտեմ, թե այդ պատվերն ում կողմից է իջեցվել: Այնպես որ, լուրջ բան չկա: Իմ անունը չեն կարող որևէ միջադեպի հետ կապել: Ուղղակի ուզում են իմ անունը սևացնեն:
–Բայց Ձեր եղբայրն էր մասնակցել ծեծին: Դա է՞լ եք հերքում:
-Այո: Իմ եղբայրը որևէ մասնակցություն չի ունեցել այդ դեպքին: Բերեք թող իրավապահները զբաղվեն իրենց աշխատանքով: Երբ պարզվի, թե ով է մասնակցել, ով է եղել ծեծի կազմակերպիչը, ես իմ կարծիքը կասեմ: Ես դատապարտում եմ նման դեպքերը, կողմ չեմ լարվածությանը: Երբ նման դեպքեր են լինում իմ քաղաքում՝ և՛ ինձ համար է վատ, և՛ մեր քաղաքի ու բնակիչների: Մենք մի ընտանիք ենք:
– Պարոն Համբարձումյան, ո՞ւմ նկատի ունեք, ո՞ւմ կողմից է Ձեր դեմ պատվեր իջեցվում:
– Բնականաբար չեմ ասի: Ես հակառակորդներ չունեմ: Պարզապես սրանք փոքրոգի, անլուրջ մարդիկ են: Երևի տարիքից է:
– Պարոն Համբարձումյան, նշվում է նաև, որ այս ծեծը, մաքսիմում առկա լարված մթնոլորտը՝ ընտրությունների շարունակությունն է: Դրան ինչպե՞ս կարձագանքեք: Մենք տեսանք, որ Վանաձորում էլ նախընտրական կրքերը չեն հանդարտվում և դեռևս կրակոցներ են հնչում:
– Ես ասեմ, որ Արայիկ Գրիգորյանն ինձ շատ հարազատ մարդ է, ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իր հետ: Որևէ կերպ Արայիկ Գրիգորյանի կամ Մուրադ Մուրադյանի անունը մտցնել այդ խոսակցությունների մեջ, կարծում եմ՝ ճիշտ չէ: Դուք կարող եք Արայիկ Գրիգորյանից, Մուրադ Մուրադյանից էլ հարցնել և նրանք կասեն, որ ինձ մոտիկ մարդիկ են: Հենց դրանից է պարզ, որ սա պատվեր է:
– Դուք ամեն ինչ հերքում եք, բայց ասում են՝ Մասիսի լարված մթնոլորտը հանդարտեցնելու և հնարավոր վենդետաները կանխելու համար անգամ քրեական հեղինակություններ են խառնվել գործին: Վստերչի Ապերի և այլոց անուններ են նշվում:
– Դա չգիտեմ ում երևակայության արդյունքն է:Վստրեչի Ապերն ի՞նչ գործ ունի՝ խառնվի Մասիսի գործերին: Եվ եթե տեղյակ եք՝ Վստերչի Ապերը Հայստանում էլ չի: Հումորով վերաբերեք էդ ամեն ինչին:
Ես կրկնում եմ, Մասիսում ոչ մի լարվածություն չկա: Ես թույլ չեմ տա, որ իմ քաղաքում այս միջադեպերը շարունակություն ունենան:








































