ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում պաշտոնական ընթրիքի ժամանակ Վրաստանի իշխանություններին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Փենսը մեջբերել է Թրամփի խոսքը՝ «ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին»:
«Վրաստանի ժողովուրդը հազարամյակների ընթացքում պայքարել է այն բանի համար, ինչին հավատացել է՝ ազատության: Այսօր, երբ ինձ և տիկնոջս Թբիլիսիում դիմավորեցին հազարավոր մարդիկ, ես տեսա, որ Վրաստանում պահպանվում է ազատության ձգտումը՝ այնպես, ինչպես ԱՄՆ-ում»,- ասել է Փենսը՝ բաժակ բարձրացնելով Վրաստանի և վրաց ժողովրդի համար:
Նա մաղթել է, որ Վրաստանը բարգավաճի և դառնա ուժեղ երկիր:
ԱՄՆ փոխնախագահը երկուշաբթի երեկոյան երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Այսօր նա պաշտոնական հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պատրիարք Իլյա Երկրորդի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Փենսը մտադիր է այցելել նաև Վրաստանում անցկացվող «Արժանապատիվ գործընկեր-2017» զորավարժություններին: