ՆԱՏՕ-ի կործանիչները 2016 թվականին տագնապի ազդանշանով մոտ 780 անգամ բարձրացվել են Եվրոպայի իրենց բազաներից՝ ռուսական ինքնաթիռների նույնականացման և հսկման նպատակով։ Դա ավելին է, քան սառը պատերազմի ավարտից հետո երբևէ։ Այս մասին հայտնում է DPA գերմանական գործակալությունը՝ հղում անելով դաշինքի Ռամշտայն ավիաբազայի ներկայացուցչին։
2015 թվականին ՆԱՏՕ-ի կործանիչները Եվրոպայում տագնապի ազդանշանով բարձրացվել են 410 անգամ։ Նման դեպքերում օդաչուների հանձնարարությունն է համոզվելը, որ մոտեցող ինքնաթիռից վտանգ չի գալիս։ Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի կործանիչներն անցած տարի Եվրոպայի բազաներից տագնապով օդ են բարձրացել 870 անգամ, այսինքն միայն 90 դեպքերն են կապված այլ պետությունների ինքնաթիռների գործողությունների հետ։
Ներկայում Քաղավիացիայի միջազգային կազմակերպության մասնակցությամբ քննարկվում է երկնքում վարքի միջազգային կանոնների խստացման հնարավորությունը։
«Բոլոր կողմերի շահերից է բխում ռուսական ինքնաթիռների և դաշինքի ինքնաթիռների մասնակցությամբ դժբախտ պատահարների ռիսկերի նվազագույնի հասցնելը»,- DPA-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այդ թեման նույնպես քննարկվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում։