Ադրբեջանում կալանավորված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի մոտ տախիկարդիա (հաճախասրտություն) է հայտնաբերվել: Այս մասին Facebook-ում գրառում է կատարել նրա կինը` Եկատերինան:
«Երեկ չէ առաջին օրը Սաշան ինձ զանգահարեց քննչական մեկուսարանի սանիտարական բաժնից, որտեղ նրան տեղափոխել են տախիկարդիայով: Սաշան նախկինում երբեք սրտի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, բայց այժմ ունի»,- նշել է Եկատերինան` դիմելով Ադրբեջանի արդարադատության նախարարությանն ու պահանջելով մեկնաբանել, թե ինչու է նրա հետ նման բան պատահել:
Լապշինի կինը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, թե ինչպես են Ադրբեջանի ուժային կառույցները պատասխանում իր հարցումներին: «Գիտեք, վերջին շրջանում շատ հետաքրքիր իրադրություն է ստեղծվել Ադրբեջանի ուժային կառույցների հետ իմ շփումների պլանում: Ես հարցում եմ ուղարկում այդ երկրի այս կամ այն գերատեսչությանը, սակայն ուղղակի պատասխան չեմ ստանում, փոխարենը երկու-երեք օր անց այդ պատասխանը հայտնվում է Ադրբեջանի ԶԼՄ-ներում»,- պատմել է Լապշինի կինը: