«Միր» միջպետական հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա «գունավոր հեղափոխություն» իր ներսում և ամեն ինչ կանի ՀԱՊԿ գործընկերներին էլ դրանից պաշտպանելու համար:
Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է այդ մասին, և այդ իմաստով «գունավոր հեղափոխություն» արտահայտությունը և այն կանխելու պատրաստակամության մասին հայտարարությունը Ռուսաստանի իշխանության համար դարձել է «մանտրայի» նման կրկնելու ինչ-որ բան, որով Մոսկվան ակնկալում է հեռու վանել հեղափոխությունը իրենից և իր ազդեցության գոտիներից: Մյուս կողմից՝ դա նաև ազդեցության տեխնոլոգիա է, թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական ազդեցության, իսկ ՀԱՊԿ պարագայում նաև՝ ուղղակի ռազմական, քանի որ մի քանի տարի առաջ այդ կազմակերպությունն ինքն իրեն օժտել է անդամ պետությունների հասարակական կարգի վերականգնման գործընթացներին միջամտելու հնարավորությամբ և «գունավոր հեղափոխությունը» հռչակել արտաքին սպառնալիք:
Այդուհանդերձ, եթե մենք դիտարկենք դրանց մասին հիշատակումները, ապա կտեսնենք, որ Ռուսաստանի իշխանությունը կարծես թե ամենևին էլ հերթապահ հիշատակումներ չէ, որ անում է, այլ «գունավոր հեղափոխությունների» մասին սկսում է խոսել բավական որոշակի արտաքին և ներքին իրավիճակների պայմաններում: Իսկ այդ առումով իրավիճակը ամենևին հանգիստ չէ ընդհանուր ՀԱՊԿ գոտում կամ Ռուսաստանի ազդեցության գոտում: Անհանգստությունն արտահայտվում է տարբեր կերպ, և որոշ տեղերում առերևույթ ոչինչ էլ չկա, ինչպես, օրինակ, Հայաստանում:
Սակայն խնդիրն այն է, որ ներկայումս անհանգստության օջախը դրսում չէ, այլ հենց Ռուսաստանում, ինչն էլ ինքնաբերաբար անհանգստություն է բերում ամբողջ ազդեցության գոտու համար: Տվյալ դեպքում խնդիրը հասարակական բողոքի սպասումները չեն: Ռուսաստանում հասունանում է այլ՝ Պուտինի համար թերևս ավելի վտանգավոր բողոքի ալիք, եթե այն չի հասունացել արդեն: Խոսքը ներիշխանական, ներհամակարգային բողոքի մասին է, իշխանության ներսում եղած խմբերի բողոքի, ինչը պայմանավորվում է մի կողմից՝ պատժամիջոցների և նավթի չբարձրացող գնի պայմաններում կքված տնտեսությամբ, մյուս կողմից՝ մի կարևոր պատրանքի ցրմամբ:
Բանն այն է, որ Պուտինը ԱՄՆ նախագահի ընտրության միջոցով գտել էր ռուսական բաժանվող և բաժանարար ավելի խորացող գծերով աչքի ընկնող էլիտայի կոնսոլիդացիայի մարտավարական միջոցը՝ ԱՄՆ նախագահի ընտրությանը Դոնալդ Թրամփի հաղթանակը ուղղակի թե անուղղակի ներկայացնելով իր հզորության վկայություն: Եվ այդ հաղթանակը իսկապես կարող էր տպավորություն թողնել ռուսական տնտեսաքաղաքական իշխանական էլիտայի վրա՝ վկայելով, որ իրականում գործերը ոչ միայն այդքան էլ վատ չեն, այլև նույնիսկ շատ ավելի լավ են՝ Ռուսաստանն է ԱՄՆ նախագահի ընտրության հարց լուծում: Իսկ դա, իհարկե, Պուտինի հզորության և ռազմավարական հեռատեսության ճանաչման «ծանրակշիռ վկայություն» է:
Սակայն իրավիճակն այժմ փլվում է, պարզվում է, որ Թրամփը, մեղմ ասած, ոչ թե հաղթանակ է, այլ գործնականում Պուտինի հերթական ծուղակի, պուտինյան քաղաքականության հերթական տապալումը և մեծ հաշվով քարոզչական բլեֆը: Այսինքն՝ էլիտայի կոնսոլիդացիայի մարտավարական միջոցը սպառված է, գուցե ժամանակից շատ շուտ:
Էլիտայի կոնսոլիդաիայի բացակայության վկայությունն է Ռուսաստանում վերջին շրջանում տեղի ունեցող ահաբեկչական ալիքը՝ Չեչնիայում հարձակում Ռոսգվարդիայի վրա, մետրոյի պայթյուն Սանկտ Պետերբուրգում, ճանապարհային ոստիկանների գնդակահարության մի քանի դեպք Հյուսիսային Կովկասում: Եվ ի լրումն այդ ամենի՝ ամերիկյան հարված Սիրիայում:
Ահա այդ իրավիճակում զարմանալի չէ, որ ՌԴ նախագահը խոսում է «գունավոր հեղափոխություններից»: Պարզապես տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Ռուսաստանը պայքարում է, այսպես ասած, ուրվականի կամ հողմաղացների դեմ, քանի որ, ինչպես երևում է, այսպես ասած՝ դասական «գունավոր հեղափոխությունների» դարաշրջանն ավարտված է, դրանք իրականացվել կամ տեղի են ունեցել այնտեղ, որտեղ հնարավոր էր, որտեղ կար ռեսուրս, որտեղ կար «հեղափոխության», իսկ իրականում պարզապես տվյալ երկրներում իրավիճակ փոխելու և իսկապես ինքնիշխան, անկախ դառնալու ցանկություն ունեցող հասարակություն և քաղաքական ուժեր: Այլևս «գունավոր հեղափոխության» որևէ հեռանկար չկա Ռուսաստանի ազդեցության տարածքում, որտեղ կար՝ արդեն հասարակություններն արել են իրենց հեղափոխությունը կամ պարզապես իրենց կյանքի փոփոխությունը՝ անկախ ռուսական պրոպագանդայի դավադրության տեսությունների տված բնորոշումից: Ներկայումս գործ ունենք բոլորովին այլ մոտեցման հետ, և ներկայումս խնդիրը ակնհայտորեն տեղափոխված է, այսպես ասած, բուն օջախ, այսինքն՝ Ռուսաստան, քանի որ այլևս ազդեցության որևէ գոտում որևէ փոփոխություն պայմանավորված է լինելու բուն օջախում փոփոխությունից:
Պուտինն անկասկած դա լավ է գիտակցում և ձևակերպում է դա: Խնդիրը, սակայն, այն է, որ աստիճանաար հենց ինքն է կանգնելու Ռուսաստանում «գունավոր հեղափոխություն» իրականացնելու անհրաժեշտության առաջ՝ միայն դրա միջոցով ազատելով ինքզինքը ռուսական ճեղքված էլիտայի հավանական «վրեժխնդրությունից»:








































