Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Regional Post — Caucasus պարբերականին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է ռուսական գերատեսչության կայքում:
«Բնականաաբար, մենք միայն կողջունեինք, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- ընդգծել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ աջակցություն ցուցաբերել, երբ կողմերը որոշեն նստել բանակցությունների սեղանի շուրջ: Լավրովը նաև նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացն այժմ դադարեցված է:
«Վստահ եմ, որ Հայաստանը և Թուրքիան ի վիճակի են կարգավորել առկա խնդիրները: Միևնույն ժամանակ շատ բան է կախված հենց իրենցից»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցման գործում գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին՝ մատնանշելով 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։