Քաղաքական դաշտն ու մամուլը չի դադարում քննարկել ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալներով հայտնի Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի՝ քաղաքականություն մուտք գործելը: Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց բարձրացրեց Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ հարուցած քրեական գործի կարճման վերաբերյալ: «Պարոն վարչապետ, մամուլից տեղեկացա, որ երեկ հանդիպել եք իմ կողմից շատ հարգված, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, որը բավական մեծ ներդրում ունի ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցում: Ձեր մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քննարկել եք կոռուպցիայի դեմ պայքարը, աշխատանքներ են տարվում նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի կատարելագործման ուղղությամբ: Սրանք իհարկե բառերն են, ձեր դեկլարացիաները: Հիմա ուզում եմ տեսնել, թե ինչպես են դրանք համատեղվում գործերի հետ` մի օրինակի վրա: Խոսքը տխրահռչակ Միհրան Պողոսյանի մասին է` հայտնի որպես Քեթրինի Միհրան, որովհետև նա ժամանակին եղել է «Քեթրին» ՍՊԸ-ի տերը և զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2013-ին ես արդեն բարձրացրել եմ այդ հարցն այստեղ, որ ԴԱՀԿ-ն մեծ քանակով «Բիույադի» չինական մեքենաներ էր գնել «Քեթրին» գրուպից, այսինքն` ԴԱՀԿ ղեկավարը մեքենաներ էր գնել իր իսկ ընկերությունից: Հետո դրան հետևեց պանամական սկանդալը, երբ հայտնի դարձավ, որ նա տեր է հանդիսանում մի կազմակերպության և շվեյցարական բանկում հաշվեհամար էր բացվել, որոնց առնչվող բոլոր փաստաթղթերի և բանկային հաշվեհամարների կառավարման ստորագրման միակ իրավասու անձը Մ.Պողոսյանն էր: Երբ այդ հարցը բարձրացրեցի ԱԺ-ում, ստացա հետևյալ նամակը ձեր կառավարությունից. «ՀՀ նախագահի 2016թ. ապրիլի 23-ի հրամանագրով Մ.Պողոսյանն ազատվել է ԴԱՀԿ պաշտոնից, միաժամանակ հայտնում ենք, որ ԴԱՀԿ-ի 2016թ. ապրիլի 19-ի թիվ այսինչ գրության համաձայն՝ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում Լ.Զուրաբյանի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ նախապատրաստվել են նյութեր, և ընթանում է քննություն»: Քիչ էր մնում ուրախանայինք, բայց հետո պարզվել է, որ նրա գործը կարճվել է: Ինչպես է սա Ձեր` որպես առաջին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության դերի հետ առնչվում, և Դուք այդ պատկերը հիմա ունենալով գնում եք ընտրությունների»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը:
Իսկ ինչ է տվել բանանի ներկրման մենաշնորհը Մ.Պողոսյանին: Նախ, նա այդ հնարավորությունը ձեռք է բերել իր հզոր հովանավորների՝ քեռիների միջոցով, որոնք Սերժ Սարգսյանի ընկերներն են: Այդ հովանավորության միջոցով նա կարողացավ կարճել տալ օֆշորային սկանդալի պատճառով իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Ավելին՝ նա հիմա ակտիվ քաղաքականությամբ է զբաղվել և ցանկանում է ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ ցուցակով առաջադրվել Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Բայց նա շտապել է և արդեն երկու ամիս է, ինչ բուռն քարոզարշավ է սկսել: Այդ համայնքում նա հավաքագրել է բոլոր հնարավոր այն մարդկանց, ովքեր կարող են ձայն բերել և ձևավորել է մի հսկայական թիվ, որոնք պետք է ապահովեն իր ընտրվելը: Նա արտակարգ ռեժիմով անընդհատ հանդիպում է այդ խմբի անդամների հետ՝ քննարկելով, թե համայնքի որ թաղամասում որքան շենք կամ բնակիչ են հաշվառել:
Համայնքի բնակիչները մեզ պատմում են, որ նա ցուցակագրել է Քանաքեռ-Զեյթունի բոլոր շենքերի բնակիչներին: Նա ունի հսկայական գումարներ, որոնք չի խնայում՝ ներդնելով նախընտրական գործընթացներում: Թվեր են նշում, թե նա համայնքի յուրաքանչյուր 2000 բնակչի հաշվով 150 հազար դոլար է նախատեսել: Այսինքն՝ յուրաքանչյուր բնակչի համար 75 դոլար կամ մոտ 35.000 դրամ: Այդ համայնքում կա մոտ 30 հազար ընտրող, և եթե Մ.Պողոսյանը ընտրակաշառք բաժանի նրանց մեծ մասին, ապա պետք է ծախսի ավելի քան 2 մլն դոլար: Իսկ որտեղի՞ց են գոյացել այդ գումարները:
Մ.Պողոսյանի օֆշորային և մենաշնորային գործունեությանը պարբերաբար անդրադառնում է նաև մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը: Վերջին անգամ նա Մ.Պողոսյանին ու նրա կողմից բանանի ներկրման մենաշնորհին անդրադարձել էր երկու օր առաջ՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ: «Քիչ առաջ թվով երկրորդ հանդիպումն ունեցա Վ.Հարությունյանի հետ՝ բանանի շուկայում մեր համատեղ քննության շրջանակներում: Սպասեք ապշեցուցիչ նորությունների»,- գրել էր Ն.Փաշինյանը:
Վերջինս ակնարկել էր, որ շուկայում հայտնված բանան ներկրող երկրորդ խոշոր «Մելատրոպիկ» ընկերությունը իրականում նույնպես պատկանում է Մ.Պողոսյանին: Այդպիսով նա ցանկացել է ցույց տա, որ ինքը բանանի ներկրման ոլորտում այլևս մոնոպոլիստ չէ և պետք չէ այդ ապրանքի բարձր գնի համար քննադատել միայն իրեն: Բայց այդ խարդախությունն արագ բացահայտվեց:
Նշենք նաև, որ վերջին մի քանի օրերին բանանի գինը որոշակի նվազել է և 1 կիլոգրամը նախկին 800-900 դրամի փոխարեն դարձել 550-600 դրամ: Բայց այս դեպքում նույնպես բանանի բիզնեսում գերշահույթ է առաջանում: Մամուլը բազմիցս է հարց բարձրացրել, թե Ռուսաստանում բանանն արժի 350-400 դրամ, այն ինչու պիտի Հայաստանում կրկնակի-եռակի անգամ թանկ լինի: Ահա այսպես, տարիներ շարունակ, Մ.Պողոսյանը միայն բանան ներկրելով ու վաճառելով՝ ահռելի գումարներ է վաստակել մեր՝ առանց այդ էլ ցածր կենսամակարդակ ունեցող ժողովրդի հաշվին: Այնպես որ, ընտրություններին մասնակցելու համար 2-3 մլն դոլար ծախսելը նրա համար թիվ չէ:








































