Google ամերիկյան կորպորացին արգելել է իր աշխատակիցներին մեկնել Ռուսաստան առանց ընկերության իրավաբանական բաժնի հատուկ թույլտվության։ Այս մասին հաղորդում է Firrma պարբերականը՝ վկայակոչելով ընկերության աշխատակիցներից մեկի նամակը՝ ուղղված IT միջոցառման ռուսական կազմակերպչին։
«Ցավում եմ, բայց շատ վատ նորություն ունեմ։ Ինձ հենց նոր Google-ի իրավաբանական բաժնից տեղեկացրել են, որ չեմ կարող ընդունել հրավերը։ Նրանք չեն կարող հաստատել իմ այցը։ Կորպորացիայի ոչ առանցքային բոլոր աշխատակիցները չեն կարող մեկնել Ռուսաստան առանց գրավոր թույլտվության։
Ըստ երևույթին դա կապված է Google-ի դեմ ՌԴ կառավարության կողմից ձեռնարկվող իրավական որոշ գործողությունների հետ, ինչն անհանգստացնում է ընկերությանը»,-ասվում է նամակում։
Հիշեցնենք, որ օգոստոսին ՌԴ հակամոնոպոլային դաշնային ծառայությունը «Յանդեքս»-ի բողոքի հիման վրա Google-ին տուգանել է 438 միլիոն ռուբլիով՝ մրցակցության պաշտպանության մասին օրենքը խախտելու համար։