Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում երեք ամսով հայտարարված արտակարգ դրության (OHAL) շրջանակներում Ստամբուլում փակվել է հայազգի բժիշկ Արետ Կամարի հիմնած բուժկենտրոնը:
Հաղորդվել է, որ բուժկենտրոնը «կապված է եղել» Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ, և որ այն փակվել է՝ «ելնելով ազգային անվտանգության ապահովման» նկատառումներից:
Նույն դրդապատճառներով Ստամբուլում փակվել է 3 համալսարան, 149 դպրոց, 150 ասոցիացիա, 15 հիմնադրամ ու 4 բուժկենտրոն: Արետ Կամարը հայտարարել է, որ հայ է և քրիստոնյա և ոչ մի կապ չունի Ֆեթհուլլահ Գյուլենի հետ:
Կամարն ընդգծել է, որ բուժկենտրոնը փակվել է կառավարության որոշմամբ, ինչի համար էլ իրենք չեն կարող դիմել դատարան: Հաղորդվում է, որ բուժկենտրոնը հիմնվել է 11 տարի առաջ և օրական սպասարկում է 200 հիվանդի: