Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Կատարի հետ համատեղ շահագործվող Հարավային Փարս գազային հանքավայրում գազի տարեկան արդյունահանումը հասցնելու է հարևան երկրի արդյունահանման մակարդակին, որը կազմում է 177 միլիարդ խորանարդ մետր։
Այդ մասին հայտարարել է Pars նավթագազային ընկերության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Շաբանպուրը. «Հարավային Փարսում այս տարի գազի արդյունահանումը հավասարվելու է նույն հանքավայրում Կատարի արդյունահանմանը»։
Հարավային Փարսը աշխարհի խոշորագույն նավթագազային հանքավայրն է, այն գտնվում է Պարսից ծոցի կենտրոնական հատվածում։
Շաբանպուրի խոսքերով՝ 2015 թվականին Կատարը Հարավային Փարսում արդյունահանել է 177 միլիարդ խորանարդ մետր գազ, մինչդեռ Իրանի ցուցանիշը կազմել է 132 միլիարդ խորանարդ մետր, ինչը համարժեք է Կատարի ցուցանիշի 75 տոկոսին։








































