ԿԺԴՀ-ի և Չինաստանի սահմանին գտնվող Պեքթուսան պոտենցիալ ակտիվ հրաբուխը միավորել է Հյուսիսային Կորեայի և Արևմուտքի գիտնականներին: Այդ մասին տեղեկացնում է National Geographic-ը:
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականները այցելել են Հյուսիսային Կորեա, որպեսզի պարզեն՝ արդյոք կա Պեքթուսան հրաբխի ժայթքման հավանականություն: Պեքթուսան-ը ԿԺԴՀ-ում համարվում է սուրբ լեռ և հիշատակվում է ազգային օրհներգում: Սեյսմոչափիչ սարքերի օգնությամբ գիտնականները պարզել են, որ հրաբուխը բավական ակտիվ է, այդուհանդերձ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի ժայթքման ուժգնությունը:
ԿԺԴՀ-ի գիտնականները նույնպես այցելել են Մեծ Բրիտանիա, շփվել իրենց արևմտյան գործընկերների հետ: Համագործակցության արդյունքը դարձել է Science Advances ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը: Գիտնականների խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ գիտությունը դիվանագիտության գործիք է, ինչպես նաև այն մասին, որ Հյուսիսային Կորեայում գիտությունը տեղ ունի:








































