Ամերիկացի, կանադացի, գերմանացի և ֆրանսիացի երկրաֆիզիկոսները խոսել են Երկրի ապագայի մասին 10 000 տարի հետո: Ուսումնասիրությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Nature Climate Change ամսագրում:
Երկրաֆիզիկոսների հիմնական եզրակացությունն այն է, որ առաջիկա 10 000 տարիների ընթացքում գլոբալ տաքացումն ու մարդածին գործոնն անդառնալի ազդեցություն կունենան (եթե մարդը պատասխան միջոցներ չձեռնարկի) մոլորակի կլիմայի քաոսային փոփոխությունների վրա:
Ըստ ամենապահպանողական գնահատականի՝ առաջիկա դարերի ընթացքում մթնոլորտ կանցնի մոտ 1,28 մլրդ տոննա ածխածին: Ըստ մեկ այլ սցենարի՝ օդ կարող է բարձրանալ 9,5 մլրդ տոննա ածխածին:
Մթնոլորտի քիմիական բաղադրության փոփոխության հետևանքներն աղետալի կլինեն: Միջին ջերմաստիճանը կբարձրանա ավելի քան 2 աստիճան Ցելսիուսով, Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցադաշտերի հալվելը կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման 25 մետրով:
Դրա հետևանքը կլինի ափամերձ քաղաքների հեղեղումը, որտեղ ներկայումս ապրում է Երկրի բնակչության 19%-ը (1,3 մլրդ մարդ): Մոլորակի 25 խոշորագույն մեգապոլիսների բնակիչների մոտ կեսը ստիպված կլինի լքել իր բնակավայրը:
Իրենց ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերջին 10 000 տարում կլիմայի փոփոխության վկայություններ են հավաքել և մոդելավորել են արդյունահանվող վառելիքի այրման հնարավոր հետևանքները:
Ըստ գիտնականների՝ իրավիճակը շտկել կարող է միայն մթնոլորտ ածխածնի արտանետումերին ամբողջովին վերջ տալը կամ օդային թաղանթից այն հանելու միջոցները: Ածխածնի արտանետումների աննշան կրճատումը, ըստ երկրաֆիզիկոսների, իրավիճակը չի բարելավի: