Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2015 թվականին թուրքական արտահանման ծավալը կրճատվել է 8.7 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, և կազմել է 143 միլիարդ 935 միլիոն դոլար։ Այս մասին վկայել են Թուրքիայի Վիճակագրական վարչության (TÜİK) տվյալները։
Ըստ այդմ՝ արտահանման այդ ծավալի ամենամեծ մասը բաժին է ընկել Ստամբուլի նահանգին՝ 77 միլիարդ 69 միլիոն դոլար (ողջ արտահանման 53 տոկոսը)։ 2014 թվականի համեմատ՝ Ստամբուլի նահանգից արտահանման ծավալը նահանջել է 6 տոկոսով։
Նախորդ տարի արտահանման ծավալը նվազել է նաև Թուրքիայի մյուս խոշոր քաղաքներից՝ Անկարայից, Իզմիրից, Բուրսայից, Ադանայից։ Արտահանման ծավալի հարցում ամենամեծ աճը գրանցվել է Սիիրթի նահանգում։ Այստեղ այն աճել է 8.2 անգամ՝ 1.5 միլիոն դոլարից հասնելով մինչև 12.2 միլիոն դոլարի։
2015 թվականին Թուրքիայի 81 նահանգներից միակ նահանգը, որտեղից չի իրականացվել արտահանում, եղել է Կարսի նահանգը։









































