Ընդհանուր առմամբ, քրդերի համար շահավետ է վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հատկապես Իրաքի քրդերի՝ Քուրդիստանի ինքնավար մարզի բնակչության համար:
Սադամ Հուսեյնի իշխանության անկումից հետո Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց անկախ Քուրդիստան ստեղծելու քրդերի երազանքի մասին: Այսօր Մերձավոր Արևելքում ստեղծված անկայուն իրավիճակը հնարավորություն է տալիս իրականացնելու այդ երազանքը: Որոշ փորձագետների կարծիքով՝ դա հնարավոր կլինի մոտ ժամանակներում:
Եթե մինչև վերջերս Արևմուտքը, ելնելով Թուրքիայի շահերից, հրաժարվում էր աջակցել անկախ Քուրդիստանի գաղափարին, ապա վերջերս Թուրքիայի պահվածքը վկայում է, որ անկախ Քուրդիստանը այլևս նրա համար «կարմիր գիծ» չէ: Եթե նախկինում Թուրքիան հայտարարում էր, որ անկախ Քուրդիստանի հռչակումը Թուրքայի կողմից Իրաքում ռազմական գործողություններ սկսելու առիթ կլինի, ապա այժմ այդ երկրի փոխվարչապետը հայտարարում է, որ դա Իրաքի ներքին հարցն է:
Վերջին մի քանի տարում Անկարայի և Էրբիլի միջև տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում ամուր կապերը վկայում են, որ Թուրքիան իրաքյան Քուրդիստանին վերաբերվում է ոչ թե որպես Իրաքի մի հատվածի, այլ որպես ինքնավար պետության: Քուրդիստանի անկախության ճանաչումը լույս է սփռում ԴԱԻՇ-ի առաջացման և Արևմուտքի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի կողմից նրան աջակցելու փաստի վրա:
Ըստ էության, Անկարայի և Էր Ռիադի ազգային և ռազմավարական սկզբունքների այս փոփոխությունը պայմանավորված է Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև մրցակցությամբ: Շիաների դեմ ծավալված կրոնական պայքարի միջոցով Իրանին թուլացնելու նպատակով Թուրքիան և Սաուդյան Արաբիան այժմ ոչ միայն դեմ չեն Իրաքի կազմալուծմանը, այլև դրա համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծում:
Ակնհայտ է, որ թուրքերի և արաբների հին թշնամությունը Իրանի հանդեպ և մրցակցությունը հանգեցրել է նրան, որ Անկարայի և Էր Ռիադի քաղաքական գործիչները որոշել են ժամանակավորապես մոռանալ փոխադարձ վիրավորանքները:
Իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ Իրաքի կազմալուծմանը նպաստում է և այն, որ այդ երկիրը ոչ միայն աշխարհագրական, այլև մենթալ տեսանկյունից տարանջատված է: Այնտեղ բնակվող շիաների, արաբ սուննիների և քրդերի համար միացյալ հայրենիք՝ Իրաք հասկացություն գոյություն չունի:
Այնուամենայնիվ, Անկարան այս իրավիճակում ևս կասկածների և անհանգստանալու լուրջ առիթներ ունի: Թուրքերը միշտ էլ դժկամությամբ են ընդունում այս կամ այն պետության ստեղծման փաստը: Անկարան շատ լավ գիտակցում է, որ տարածաշրջանային նման քաղաքականությունը այս կամ այն պատճառներով կարող է դուրս գալ վերահսկողությունից և սպառնալ հենց իր շահերին, սակայն գլխավոր մրցակցին՝ Իրանին հաղթելու ցանկությունն ավելի մեծ է:
Մնում է միայն երազել, որ մեծ երկրների ղեկավարները կոլեկտիվ գիտակցականության ճանապարհով փորձեն այնպիսի քաղաքականություն վարել, որից բոլորը շահած դուրս կգան, ոչ թե պարտված:







































