Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի բնակչության թիվը 2015 թվականի արդյունքներով աճել է 1.045.149 մարդով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ հասնելով 78.741.053 մարդու։ Այդ մասին վկայել են Թուրքիայի վիճակագրական վարչության (TÜİK) տվյալները։
Դրանց համաձայն՝ բնակչության 50.2 տոկոսը (39.511.191 մարդ) արական սեռի, իսկ 49.8 տոկոսը (39.229.862 մարդ)՝ իգական սեռի ներկայացուցիչներ են։ Ամենամեծ բնակչությամբ նահանգը Ստամբուլի նահանգն է՝ 14.657.434 մարդ (Թուրքիայի ողջ բնակչության 18.6 տոկոսը), ապա գալիս են Անկարայի (5.270.575 մարդ, 6.7 տոկոս), Իզմիրի (2.842.547 մարդ, 5.3 տոկոս) նահանգները։ Ամենափոքրաթիվ բնակչությամբ նահանգը Բայբուրթի նահանգն է՝ 78.550 մարդ։
Բնակչության 67.8 տոկոսի (53.359.594 մարդ) տարիքը կազմում է 15-64 տարեկան, 0-14 տարեկան երեխաների թիվը կազմում է 18.886.220 մարդ (24 տոկոս)։ 65 և ավելի տարիք ունի 6.495.239 մարդ (8.2 տոկոսը)։ Բնակչության միջին խտությունը կազմում է մեկ քառակուսի կիլոմետրի վրա 102 մարդ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիայի բնակչությունը Սիրիայից ու Իրաքից ժամանած փախստականների հետ գերազանցել է 80 միլիոնը։







































