Եվրասիական էներգետիկայի հարցերով ԱՄՆ Պետդեպի հատուկ բանագնացն անդրադարձել է Ադրբեջանում Մեթյու Բրայզային դեսպան նշանակելու հարցին։ «Ադրբեջանում ԱՄՆ դեսպան աշխատելու համար ավելի պատրաստված մարդ, քան Մեթյու Բրայզան է, Պետդեպում չկա,- հայտարարել է Եվրասիական էներգետիկայի հարցերով ԱՄՆ Պետդեպի հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը` «Ամերիկա-ադրբեջանական հարաբերություններ. Վաշինգտոնում ռազմավարական համագործակցության իրավիճակը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ։ Ինչպես ընդգծել է Մորնինգսթարը, ինքը որևէ հիմք չունի կարծելու, թե ներկայիս վարչակազմը կհրաժարվի Ադրբեջանում Մեթյու Բրայզային ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու աջակցությունից։ «Հիմա ոչ ոք չի կարող ասել, թե որքան նա պետք է սպասի, բայց կարծում եմ՝ Ադրբեջանի մեր բարեկամներն այնքան էլ չեն ուրախանա, եթե մենք հրաժարվենք այդ թեկնածության աջակցությունից»,-ասել է բանագնացը։ Ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, թե նշանակման հարցը կլուծվի, այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը: