«Երեք օր շարունակ անգամ մեզ չի հաջողվում հաղորդում ներկայացնել պատկան մարմիններին: Այսինքն՝ Գևորգ Սաֆարյանը մի քանի օր է՝ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ես փորձում եմ ուղարկել դատախազություն կամ Հատուկ քննչական ծառայություն, սակայն չեմ կարողանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Վերջինիս խոսքով՝ իրենք դարձյալ փորձելու են հանցագործության մասին հաղորդում ուղարկել ՀՔԾ՝ ոստիկանի դեմ քրեական գործ հարուցելու համար:
«Բանն այն է, որ Գևորգ Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում է տվել, և առաջինը նա է ահազանգել, որ դեկտեմբերի 31-ի գիշերը հունվարի 1-ի լույս առավոտյան ոստիկանության աշխատակիցները առանց որևիցե պատճառի՝ ագրեսիվ, անգամ ալկոհոլ օգտագործած վիճակում անհիմն հարձակվել են իրենց տղաներից մեկի վրա ու սկսել են համատարած ծեծի ենթարկել իրենց, ինչի հետևանքով 5-6 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ երկուսին տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնեց Գ. Սաֆարյանի փաստաբանը:
Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ տղաները որևէ բռնություն չեն գործադրել որևէ ոստիկանի հանդեպ. «Գևորգ Սաֆարյանը մատնացույց է արել այն ոստիկանին՝ Գեղամ Խաչատրյանին, ով հարվածել է, և այդ մասին տեղեկացրել պարոն Օսիպյանին, ինչից 15 րոպե անց այդ ոստիկանին պատասխանատվության ենթարկելու փոխարեն՝ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, միանգամից ձերբակալել են և միանգամից քրեական գործ հարուցել նրա դեմ»:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալները դարձել են տուժող, իսկ տուժողները՝ մեղադրյալ. «Ոստիկանների կողմից սա հանցագործություն է, որ անհիմն կերպով խափանել են նրանց միջոցառումը, հանրահավաքը, իրենց ազատ արտահայտվելու իրավունքը, ու խափանել են էսպիսի բիրտ ձևով՝ բռնություն գործադրելով»:
Լուսանկարը՝ Photolure-ի








































