Նոյեմբերի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեն և հանրապետությունում գործող բջջային և ֆիքսված հեռախոսակապի օպերատորներն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների և հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ: Այս հուշագրի ստորագրումից հետո, հատկապես սոցցանցերում քննարկման հիմնական թեման անձնական տվյալների պաշտպանության և հեռախոսազանգերի գաղտնալսման հարցն էր։ Քրեական գործերով փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս որևէ մտահոգիչ բան չի տեսնում հուշագրում, սակայն փաստաբանը խնդիր է տեսնում դատարանի կողմից տրվող գաղտնալսման թույլտվությունների դաշտում։
Ըստ Վարոսյանի՝ շատ հաճախ, պարզ չի լինում, դատարանի թույլտվությունն է ավելի վաղ եղել, թե գաղտնալսումը։
Փաստաբանի խոսքով՝ միայն մարտի 1-ի գործերն ամենավառ ապացույցն էին այն բանի, որ շատ հաճախ առանց դատարանի թույլտվության գաղտնալսվում են անձանց հեռախոսները և մի բան էլ կազմակերպվում է գաղտնալսման ձայնագրության արտահոսք։