ՆԱՏՕ-ն հայտարարել է Սիրիայի ավիաբազաներում տեղակայված ռուսական ցամաքային զորքերի առկայության մասին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին։
Գլխավոր քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություն անել Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության հստակ ծավալների վերաբերյալ։
«Ես չեմ մեկնաբանի հստակ թվեր, սակայն կարող եմ հաստատել, որ մենք տեսնում ենք Սիրիայում ռուսական ուժերի զգալի ներկայություն, ներառյալ օդային ուժեր, ՀՕՊ ուժեր, ինչպես նաև ռուսական ցամաքային զորքեր, որոնք տեղակայված են ավիաբազաներում, ինչպես նաև ռազմանավերի ներկայության մեծացում»,- ասել է նա։
Այսպիսով՝ Սթոլթենբերգը հաստատել է Սիրիայում վերջին շաբաթների ընթացքում ռուսական զինված ուժերի ներկայության մեծացումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին Պենտագոնից ստացված տեղեկությունը Սիրիա ռուսական ցամաքային մարտական զենքեր ուղարկելու վերաբերյալ։