Մարդու քաշը կախված է տարբեր գործոններից` ներառյալ դեղերի ընդունումից, շրջակա միջավայրի աղտոտվածությունից, գենետիկայից, սնվելու ժամանակից, սթրեսից, աղիքային բակտերիաներից և նույնիսկ գիշերային լուսավորությունից: Պարզվում է` նորմալ քաշ պահպանելու համար ժամանակակից երիտասարդներին անհրաժեշտ է ավելի շատ զբաղվել սպորտով և ավելի քիչ ուտել, քան հարկավոր էր իրենց ծնողներին երիտասարդ ժամանակ, գրում է Prothom Alo-ն:
Յորքի համալսարանի հետազոտողները վերլուծել են 36400 մեծահասակ ամերիկացիների սննդի մասին տվյալներ` հավաքված 1971-2008 թվականներին: Միաժամանակ նրանք գնահատել են 14419 կամավորների ֆիզիկական ակտիվությունը 1988-2006 թվականներին: Վերլուծությունը ցույց է տվել, որ նույն սնունդը ընդունած մասնակիցները 2008 թվականին կշռել են 10 տոկոսով ավելի, քան 1971 թվականին: Բացի այդ, մարդկանց քաշը ֆիզիկական ակտիվության որոշակի մակարդակում 1988 թվականին եղել է 5 տոկոսով ցածր, քան 2006-ին:
Մասնագետները դա կապում են մարդկանց կենսակերպի և շրջակա միջավայրի փոփոխության հետ:







































