Եթե ընդդիմադիր դաշտում թեժ կրքերն են բորբոքվում, իսկ իշխանության ճամբարում ամեն ինչ հանգիստ է, դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե իշխանության վիճակը երկրում լավ է, իսկ ահա ընդդիմության առումով իրավիճակը ճգնաժամային է: Հակառակը, Հայաստանում ներքաղաքական կյանքը կենդանի է, ողջ է հենց ընդդիմադիր դաշտում, որտեղ կան քննարկումներ, կա վեճ, կա բանավեճ, կան հակադարձումներ, համոզումներ և այլն: Իսկ իշխանության մեջ այդպիսի որևէ բան լինելու պարագայում իշխանական համակարգը պարզապես կանգնում է անխուսափելի ավերածությունների և փլուզման առաջ:
Այսինքն՝ իշխանական համակարգը ըստ էության մեռած համակարգ է, որը եթե հանկարծ կենդանության նշաններ էլ ցույց տա, դա հղի է համակարգի համար անխուսափելի վախճանով: Այնպես որ, ընդդիմադիր դաշտում առկա թեժ կյանքը խոսում է այն մասին, որ կյանքը հենց այստեղ է, հենց այդ դաշտն է, որ շնչում է և շունչ է տալիս հասարակությանը: Հարցն այստեղ այլ է` ի՞նչ բովանդակությամբ են այդ վիճաբանությունները, բանավեճերը, քննադատություններն ու հակադարձումները: Այդ առումով, իհարկե, կա խնդիր:
Ընդդիմադիր ուժերը, անհատները կամ խմբերը, կամ ավելի շուտ դրանց զգալի մասը, դաշտի կենդանությունն արտահայտում են միմյանց հասցեին ուղղված մեղադրանքներով: Նրանցից ամեն մեկը խոսում է դրանք դադարեցնելու անհրաժեշտության մասին, խոսում է այն մասին, որ դրանք որևէ մեկին օգուտ չեն տալիս` անկախ այն բանից, թե ով է իրավացի, բայց այդ փոխադարձ մեղադրանքները և փոխհրաձգությունը շարունակվում են, և կողմերը սկսում են մեղադրել միմյանց այդ շարունակության համար: Իսկ եզակի ռացիոնալ հարցադրումները, բանավեճերը, որ այդ իրավիճակում տեղի են ունենում ընդդիմադիր դաշտի այս կամ այն սեգմենտում գործող խմբերի, անհատների և ուժերի շրջանակում, մնում են ուշադրությունից դուրս ու չեն դառնում ներընդդիմադիր օրակարգի առանցքային հարցեր:
Ահա այդ վիճակին է, որ պետք է վերջ տալ, ոչ թե քննարկումներին և բանավեճերին ընդհանրապես: Իշխանության դաշտը անհուսորեն մեռած է, և ընդդիմադիր դաշտում առկա բանավեճերն ու քննարկումները չեն պարունակում ընդդիմությանը թուլացնելու սպառնալիք: Միայն թե մի պայմանով` եթե դրանք չեն պարունակում փոխադարձ մեղադրանքներ, հայհոյանքներ և վիրավորանքներ, այլ քննարկումներ ու բանավեճեր են այս կամ այն ուժի, խմբի, անհատի մոտեցումների, մարտավարության, գործողությունների շուրջ:
Այդպիսի քննարկումները միայն կարող են հարստացնել ընդդիմության, ասել է թե՝ հասարակության պայքարի զինանոցը և բարձրացնել այդ պայքարի արդյունավետության գործակիցը: Հետևաբար, ընդդիմադիր դաշտում հասարակական շահի արտահայտվածության գերադրական աստիճանով շահագրգռված ամեն մի ուժի և անհատի խնդիրը պետք է լինի առկա բանավեճն ու քննարկումները փոխադարձ անձնականությունից,- լինի դա պարսավող, թե գովական անձնականություն,- գործնական և առարկայական դաշտ տեղափոխելը, բովանդակային քննարկումներ և բանավեճեր խրախուսելն ու այդպիսով ընդդիմադիր զինանոցի պերմանենտ արդիականացման առողջ գործընթաց ապահովելը: