ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հաջողվել է գալ սկզբունքային համաձայնության ` ԱՄՆ բյուջեի ընդունման շուրջ, ինչը ենթադրում է 2011թ. ֆինանսական տարվա ընթացքում բյուջեի որոշակի կրճատումներ:
Այս մասին հաղորդում է Franec Presse գործակալությունը:
Եթե կողմերին չհաջողվեր հասնել հաջողության, ապա ապրիլի 9-ից ԱՄՆ կառավարությունը ստիպված կլիներ անժամկետ արձակուրդ գնալ, քանի որ կառավարության համար բյուջեով նախատեսված ծախսերը չէին ընդունվել երկրի խորհրդարանի կողմից:
Կառավարության աշխատանքների դադարեցման իրական վտանգն առաջացել էր այն պատճառով, որ դաշնային բյուջեն, որը նախատեսված է ընթացիկ ֆինանսական տարվա համար (ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվում է ամեն տարվա հոկտեմբերի 1-ից) ընդունված չէր: Դրա փոխարեն, գործում էր Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդունած համատեղ բանաձևը, որը ժամանակավորապես կարգավորում էր կառավարության աշխատանքը: Ընդ որում` բյուջեի փոխզիջումային Ժամանակավոր արձանագրության գործողության ժամկետը լրանում էր ապրիլի 8-ին, այդ իսկ պատճառով Օբաման ցանկանում էր բյուջեն հաստատել մինչև ուրբաթ առավոտ: