«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
-Պարոն Բադալյան, Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, իսկ վերջին դեպքերից ակնհայտ է, որ նա իր ողջ ունեցվածքը վերցնում է ԲՀԿ-ից, նաև որոշ բարեգործություններ դադարեցնում է։ Սա չի՞ վկայում այն մասին, որ նա կեղծ, իմիտացիոն դաշտում էր գործում։
-Ես այդպես չեմ կարծում, որովհետև Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, դուրս է գալիս ԲՀԿ նախագահի պաշտոնից, բնականաբար այն տարածքները, որոնք իրեն էին պատկանում և դրված էին ԲՀԿ-ի տրամադրության տակ, հիմա հետ է ստանում՝ համաձայն իր հայտարարածի։ Որպեսզի իրեն չմեղադրեն որպես չարիք, որ դուրս գալով կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ տակից օգնում է կուսակցությանը, նա փաստորեն տարանջատում է իր ողջ տարածքները, ունեցվածքը կուսակցությունից։ Սա նորմալ քաղաքական գործընթաց է։
-Շատ է խոսվում այն մասին, որ առանց Գագիկ Ծառուկյանի չկա ԲՀԿ։ Ձեր կարծիքով՝ հենց դա չի՞ վկայում այն փաստը, որ ԲՀԿ-ականներն այս օրերին զանգվածաբար հեռանում են կուսակցությունից։
-Իհարկե, պարզ է, որ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, և ԲՀԿ-ն՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, արմատապես տարբեր կուսակցություններ են։ Դրանց միավորում է միայն անունը, մնացած բոլոր հարցերում դրանք բոլորովին այլ կառույցներ են։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ-ն լիդերային կուսակցություն էր, և ԲՀԿ-ին ձայն տվողները երկու մասի էին բաժանվում. մի մասը ձայն էր տալիս ԲՀԿ-ին, որովհետև նրա ղեկավարը Գագիկ Ծառուկյանն էր, մյուս մասը ձայն էր տալիս նյութական շահագրգռվածությունից ենելով։ Հիմա այն մասը, որը ԲՀԿ-ին ձայն էր տալիս Գագիկ Ծառուկյանի համար, այդ հատվածի զգալի մասը կուսակցությունը, կարելի է ասել, կորցրել է, եթե համապատասխան քայլեր չիրականացնի։
Իսկ կուսակցությունը՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, չի կարող լինել լիդերային կուսակցություն, որովհետև նա չունի լիդերային այն հատկանիշները, որն ուներ Ծառուկյանը։ Այս պայմաններում ԲՀԿ-ն պետք է կատարի իմիջային ստրատեգիայի փոփոխություն, իսկ դա բավականին ֆինանսական միջոցներ խլող, բավականին մասնագիտական և բավականին ժամանակատար գործընթաց է։ Դա ոչ 1-2 օրվա և ոչ էլ 1-2 ամսվա խնդիր չէ։ Եթե ԲՀԿ-ն դա իրականացնի, նա կարող է հասարակության մի մասին իր հետևից տանել, իսկ եթե չկարողանա իրականացնել, ԲՀԿ-ն ընդամենը Հայաստանի քաղաքական դաշտում կնմանվի այն բազմաթիվ կուսակցություններին, որոնք ընդամենը գրանցված են արդարադատության նախարարությունում, սակայն փաստացի գոյություն չունեն։
-Փաստացի ԲՀԿ-ն իրեն հռչակեց ընդդիմություն։ Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն կկարողանա՞ գործել ընդդիմադիր դաշտում, հաշվի առնելով, որ այլևս արտահերթ ընտրությունների պահանջ առաջ չեն քաշում, նաև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նրանց կոշտ դիրքորոշումը չկա։
-Նախ ընդդիմադիր դաշտ հասկացություն քաղաքագիտության մեջ գոյություն չունի։ Քաղաքական դաշտը չի բաժանվում իշխանական և ընդդիմադիր դաշտերի։ Քաղաքական դաշտը միասնական է, որովհետև կուսակցությունները այլ հատկանիշներով են բնութագրվում։ Ընդդիմությունն ընդամենը կուսակցության անձնագիրն է պետական կառավարման համակարգում։ Եթե կուսակցությունը ձևավորում է գործադիր իշխանություն, նա համարվում է իշխանություն, եթե նա չի ձևավորում գործադիր իշխանություն, բայց հայտարարում է, որ պաշտպանում է գործադիր իշխանությանը, համարվում է իշխանամետ, եթե քաղաքական ուժը չի ձևավորում իշխանություն և չի հայտարարում, որ պաշտպանում է գործադիր իշխանությանը, նա դառնում է ընդդիմություն, անկախ նրանից, թե ինքն իրեն ինչպես կանվանի՝ ընդդիմություն, այլընտրանք, թե ոչ իշխանական ուժ։ Այսինքն՝ իշխանություն-ընդդիմությունը քո բնութագրիչն է կառավարման համակարգում, իսկ դրանից դուրս՝ քաղաքական համակարգում, զրո նշանակություն ունի, դու իշխանություն ես, իշխանամետ, թե ընդդիմադիր։ Քաղաքական դաշտում ուժերը լրիվ ուրիշ բնորոշիչներ ունեն, ասենք՝ դու ազդեցիկ ես, թե ազդեցիկ չես, դու ռուսամետ ես, արևմտամետ ես, թե ոչ, քրիստոնեական ես, թե չէ, աջ ես, թե ձախ։ Սակայն շատերն այսօր ասում են՝ կա ընդդիմադիր դաշտ, որն ունի ընդդիմադիր ընտրողներ, և եթե որևէ ուժ իրեն համարում է արմատական ընդդիմություն, ապա այդ ընդդիմադիր ընտրողները նրան պետք է ձայն տան, բայց դա այդպես չէ։ Իրականում մարդիկ իրենց ձայնը տալիս են այս կամ այն ուժին ոչ թե այն պատճառով, որ նա ընդդիմություն է կամ իշխանություն, այլ լրիվ ուրիշ սկզբունքներից ելնելով։
Ինչ վերաբերում է ԲՀԿ կուսակցությունը լքելուն, ապա դա բնորոշ է բոլոր տեսակի վարչական կառույցներին, իսկ ԲՀԿ-ն նույնիսկ լինելով ընդդիմություն, իր մեջ կրում էր վարչական կառույցին բնորոշ հատկություններ։ Մինչև վերջերս ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր, շատերն այդ կուսակցության մեջ մտել էին զուտ պաշտոնի համար, և երբ նա իշխանությունից դարձավ ընդդիմություն, իրեն համարում էր այլընտրանք, որպեսզի այդ մարդիկ դուրս չգան կառույցից։ Բնական է, որ եթե ԲՀԿ-ն իրեն համարեր ընդդիմություն, այն մարդիկ, որոնք ցանկություն չունեին լինել ընդդիմություն և ԲՀԿ անդամ էին միայն այն պատճառով, որ այդ կուսակցությունը բավական ազդեցիկ էր և կարող էր տեր կանգնել իրենց, հիմա տեսնելով, որ իրենց առաջնորդը դուրս եկավ, ազդեցիկությունն էլ սկսեց նվազել, շատերը սկսեցին դուրս գալ այդ կուսակցությունից։ Սա բնական երևույթ է և Հայաստանում մի քանի անգամ եղել է՝ սկսած 1991-ից, երբ կոմունիստներն սկսեցին դուրս գալ Կոմկուսից, դա կրկնվեց 1998-ին, երբ շատերը լքեցին ՀՀՇ-ն, նաև 2003-ին, երբ Ստեփան Դեմիրճյանը հաջողություն չունեցավ ընտրություններում, և շատերը լքեցին ՀԺԿ-ն։ Նույնը կլինի նաև ՀՀԿ-ի հետ, եթե ՀՀԿ-ն զրկվի իշխանությունից։ Կարելի է ասել, որ հիմա ԲՀԿ-ն ազատվում իր բալաստից, որոնք կուսակցության մեջ զուտ գլխաքանակ էին ապահովում, ոչ ավելին։
Ինչ վերաբերում է նրան, որ այսօր ԲՀԿ-ն այլևս չի պահանջում նախագահական կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, խնդիրը պահանջելու մեջ չէ։ Տեսեք, 2008-ի մարտի 1-ից հետո ընդդիմությունը պահանջում էր նախագահի ու խորհրդարանի արտահերթ ընտրություններ, հասա՞վ այդ նպատակին։ Խնդիրն այն չէ, թե ինչ ես պահանջում, այլ այն, թե արդյոք այնքան ազդեցի՞կ ես, որպեսզի քո պահանջից արդյունք ստանաս։ Եթե ինչ-որ բան ես պահանջում, բայց արդյունք չես ստանում, սկսում ես ընկալվել որպես թույլ կառույց։ Եթե չես կարողանալու իրականացնել քո պահանջը, ուրեմն պետք չի պահանջել։ Պահանջելն ինքնանպատակ չպետք է լինի։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա պարզ է, որ դա իրականացվում է մեկ մարդու՝ գործող նախագահի վերարտադրման համար։ Սահմանադրական փոփոխություններից հետո նա կարող է հավակնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, որն այդ փոփոխություններից հետո բավական մեծ լիազորություններ կունենա։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունները պետք են ոչ թե ՀՀԿ-ի վերարտադրման համար, ինչպես շատերն են ասում, այլ կոնկրետ մեկ մարդու վերարտադրության համար։ Եթե այդ մեկ մարդն ունի իշխանություն, ՀՀԿ-ն ունի իշխանություն, իսկ եթե այդ մեկ մարդը չունենա իշխանություն, ՀՀԿ-ն չի վերարտադրվի, և այդ կուսակցության ներսում կլինեն նույն գործընթացները, ինչ հիմա տեղի է ունենում ԲՀԿ-ում։ Անգամ առանց ԲՀԿ-ի թուլացման գործընթացի, ոչինչ ՀՀԿ-ին ու գործող նախագահին չէր խանգարում իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որովհետև դա կապված է հասարակության հետ։ Իշխանությունը շատ հանգիստ կարող էր իրականացնել այդ փոփոխությունները և նյութական շահագրգռվածություն կիրառելով համապատասխան տոկոս խփել։ Պարզապես հիմա ավելի հեշտ կարող է դա անել։
Խնդիրն այստեղ ավելի խորքային է. բանն այն է, որ սահմանադրական փոփոխություններն արդեն դառնում են իշխանությունների ձևավորման իրավաբանական փաստաթուղթ, իսկ Հայաստանում իշխանության ձևավորման հարցը լուծվում է ոչ թե Հայաստանի ներսում, այլ դրսում, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում։ Խնդիրը հետևյալն է. Հայաստանի իշխանություններն իսկապես կարող են սահմանադրական փոփոխություններ իրականացնել և դրա համար իրենց ոչինչ չի խանգարում, բայց արդյո՞ք Ռուսաստանում դրան կհամաձայնեն։ Երկրորդ՝ ՌԴ իշխանությունները շատ հանգիստ դրան կարող են համաձայնել, որովհետև Մոսկվայում Հայաստանը դիտում են որպես իրենց ենթակա տարածք, դե ֆակտո Հայաստանը վաղուց վերածվել է ՌԴ վարչատարածքային միավորի, ինչպես, ասենք, Տուվայի մարզը կամ Թաթարստանի ինքնավար հանրապետությունը։ Հիմա Ռուսաստանը կարող է դեմ չլինել, որ գործող նախագահը դառնա ԱԺ նախագահ, բայց որոշ պաշտոններ պետք է մնան նրա վերահսկողության տակ, այդ թվում՝ ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ և միգուցե նաև վարչապետի պաշտոնը: Այդ պայմաններում Ռուսաստանը շատ հանգիստ կարող է համակերպվել և համաձայնվել սահմանադրական փոփոխություններին: Այսինքն՝ գործող նախագահը դառնում է ԱԺ-ի ոչինչ չորոշող կլուբի նախագահ, բայց գործադիր իշխանության որոշ նախարարներ անցնում են ՌԴ վերահսկողության տակ:
Հիմա Հայաստանի ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և այլն, եթե ցանկանում են, որ սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան, պետք է գնան Մոսկվա և բանակցություններ վարեն Ռուսաստանի ղեկավարության հետ: Այստեղ էլ տարբեր խնդիրներ կան: Երբ դու գնում ես Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու, դու պետք է ինչ-որ բան առաջարկես, հարցն այն է, իսկ ինչ պետք է առաջարկեն ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, որ նա չհամաձայնվի սահմանադրական փոփոխություններն: Դու պետք է ինչ-որ կոնկրետ բաներ առաջարկես, իսկ այսօր ես չեմ տեսնում, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կոնկրետ առաջարկներ ունեն, իսկ առանց այդ կոնկրետ առաջարկների՝ ինչու պետք է Ռուսաստանը դեմ լինի սահմանադրական փոփոխություններին և ինչու պետք է պաշտպանի ընդդիմությանը: Սա մի քիչ անհասկանալի է:
Երկրորդ՝ եթե ՌԴ-ն համաձայնվում է սահմանադրական փոփոխություններին, և գործող նախագահն իրականացնում է զուտ տեխնիկական բնույթ կրող այդ փոփոխությունները, ապա եթե ընդդիմությունը ցանկանում է ապագա խորհրդարանում քվոտա ունենալ, ապահովել պատգամավորների քանակ, ապա ինքը նորից պետք է գնա Ռուսաստան, բանակցություններ վարի՝ ապագա ԱԺ-ում քվոտաներ ձեռք բերելու համար, որովհետև կարևորագույն փաստ է տեղի ուենցել: 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը դարձել է Ռուսաստանին ենթակա տարածք, և քանի դեռ ընդդիմությունը չի գործում՝ ելնելով այս սկզբունքից, նա հաջողություններ չի ունենալու: Ինչո՞ւ: Որովհետև շատ ընդունված ձև է՝ եթե հասարակությունը չի ձևավորում իշխանություն, իշխանություն ձևավորում են դրսի ուժերը, իսկ Հայաստանի հասարակությունը բավականին թուլացել է, և այդ իսկ պատճառով կարող ենք ասել, որ Հայաստանում իշխանությունների ձևավորումը իրականացնում է ոչ թե Հայաստանի հասարակությունը, ոչ թե Բաղրամյան 26-ը, կամ Մելիք-Ադամյան 2-ը, այլ կոնկրետ մեկ մարդ Կրեմլում: Սա արդեն իրողություն է, ուզում եք համակերպվել սրա հետ, թե չեք ուզում, դա ձեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, և եթե դու քաղաքական գործիչ ես, պետք է այդ իրողությունները հաշվի առնես: Եթե դու հասկանում ես այս իրողությունները, հաջողություն կունենաս, եթե չես հասկանում, հաջողություն չես ունենա:
Շատ են խոսում քաղաքացիական հասարակության մասին, ուզում եմ շեշտել՝ Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, կան ընդամենը ակտիվ քաղաքացիներ, որոնք ինչ-որ գործողություններ են փորձել իրականացնել ինչ-որ բնագավառներում, բայց ոչ մի տեղ հաջողություններ չեն ունեցել՝ բացի Թռչկանի ջրվեժի հաղթանակից, Թեղուտում պարտվել են, Մաշտոցի պուրակը իշխանական փիար էր, 100 դրամի պրոյեկտը իշխանական փիար էր: Անգամ «Դեմ եմ» շարժումը ոչ մի հաջողության չհասավ, որովհետև իշխանություններն իրենց ուզածն արեցին, այսինքն՝ հասարակությունն ինքը թուլացել է, դրա համար թուլացել է նրա ընդդիմությունը: Հասարակության թուլության նշան է, որ ԲՀԿ-ն է թուլանում, հասարակության թուլության նշան են, որ ակտիվիստները շատ քիչ են և որևէ հաջողության չեն հասնում, այսինքն՝ հասարակությունն այսօր բավականին մարգինալացված և թուլացած մարդկանց խմբի է վերածվել և ցանկություն չունի զբաղվելու երկրի ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ինչի ականատեսն ենք եղել:
Շատ են խոսում այն մասին, որ այս վիճակը ձեռք չի տալիս նաև իշխանություններին, որ իշխանությունները կարող են փորձել ինչ-որ կառույցներ ստեղծել: Իշխանություններին այս վիճակն ամբողջովին ձեռնտու է, որովհետև չկա ընդդիմություն, և բացարձակ ազատ են իրենց գործունեության մեջ, ինչ կուզեն կանեն, և արդեն երևում է իրենց գործողություններում, այդ թվում՝ Սյունիքի մարզպետի նշանակման հարցում: Բացի այդ, շատ է խոսվում, որ կարող է արևմտամետ ինչ-որ կառույցներ միավորվեն, մեկ դաշինք ստեղծեն և այլն: Կարող ենք ասել, որ ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրների ղեկավարները միշտ փորձել են ստեղծել իրենց համար ցանկալի գրպանային ընդդիմություն և փորձել են տալ տարբեր անվանումներ՝ ինստիտուցիոնալ, գաղափարական, կառուցողական ընդդիմություն: Հիմա նույնը փորձում են անել Հայաստանում, առաջին նշանները մենք տեսնում ենք: Մեկ անգամ այդ ճանապարհով անցել են, և եթե հիշում եք՝ ԱԺ նախորդ ընտրություններին ստեղծվեց «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ», այսպես կոչված, արևմտամետ դաշինքը, որը սակայն, կարճ ժամանակ հետո պարտություն կրեց, քանի որ Հայաստանում արևմտամետ զանգված չկա, կան արևմտամետ փոքր խմբեր: Եվ եթե անգամ արևմտամետ կառույցը ստեղծվի, կարճ ժամանակ հետո պարտություն է կրելու և իշխանություններից փող է ուզելու ինչ-որ գործողություն իրականացնելու համար:
Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա ազդեցություն է թողնում նաև Արևմուտքը, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի ուշադրության ներքո է գտնվում, բայց Ռուսաստանն իր ազդեցությունը այստեղ չի թուլացրել, իսկ Արևմուտքի ազդեցությունը գնալով թուլացել է, եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ում տեղի են ունենում քաղաքական հայացքների փոփոխություններ, որովհետև ԵՄ-ն այլևս հետ է կանգնում ՌԴ-ին հակադրվելու քաղաքականությունից, ենթադրվում է, որ Արևմուտքը Հայաստանի քաղաքական գործընթացների վրա այս պահի դրությամբ ակտիվ ազդեցություն չի իրականացնի: Սա նույնպես պետք է հաշվի առնեն քաղաքական դաշտում եղած ուժերը:
Լուսանկարը՝ Armenpress-ի







































