«Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, որին օրերս դաժան ծեծի էին ենթարկել անհայտ անձինք, պատասխանելով ինչպե՞ս է վերաբերվում այն վարկածին, որ իրեն առևանգելու և ծեծի ենթարկելու հետքերը գնում են իր կուսակից Աբրահամ Մանուկյանի ուղղությամբ, ասաց. «Ինքս հերքել եմ այդ փաստը և հայտարարել եմ, որ չեմ գտնվել այդ վայրում»: Նա նաև նկատեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել, միայն այն, որ գործը նախաքննության փուլում է: Նա նաև բնական համարեց, որ կարող են տարբեր վարկածներ առաջ քաշվել, ստուգվել, հաստատվել կամ հերքվել:
Լրագրողները ճշտող հարց տվեցին՝ հիմա Արտակ Խաչատրյանը չի՞ բացառում ԲՀԿ-ականի հետքն այս գործում: «Ես չեմ կարող հերքել կամ հաստատել մի բան, որն ինձ անհայտ է: Կա քրեական գործ, կբացահայտվի, կպարզվի»,- պատասխանեց նա:
Արտակ Խաչատրյանը երեկ է հիվանդանոցից դուրս գրվել: Նա նշեց, որ իրեն լավ չի զգում, շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո:
Չնայած իր հետ կատարվածին՝ ակտիվիստը նշեց, որ շարունակելու պայքարել և մնալ Գագիկ Ծառուկյանի կողքին:
Լուսանկարը` PAN Photo-ի







































