Ռուսաստանը ԼՂ հակամարտությունում հենվում է գաղտնի դիվանագիտության վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում հայկական ռազմական ուղղաթիռի խոցման հարցի վերաբերյալ հնարավոր քննարկումներին:
Նա նշեց, որ էական հայտարարություններ չեն արվելու, և ՀԱՊԿ-ից, բնականաբար, Ադրբեջանին զսպող էական քայլեր ակնկալել պետք չէ, քանի որ ՀԱՊԿ-ը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, առանձնահատուկ ռազմական միավորում է: Ըստ նրա՝ փաստորեն ՀԱՊԿ-ը մի մեխանիկական միավորում է, որն իրենից ենթադրում է երկկողմ համաձայնագրեր ՀԱՊԿ անդամ առանձին երկրների և Ռուսաստանի միջև, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ը շատ տարօրինակ աշխարհագրություն ունի:
«Իսկ Ռուսաստանը ԼՂ հակամարտության համար անում է այն, ինչ կարողանում է: Ռուսաստանը ԼՂ հակամարտության հարցում ներկայում կենտրոնացած է գաղտնի դիվանագիտության վրա: Հակամարտող կողմերի հետ գաղտնի բանակցությունների միջոցով ՌԴ-ն ցանկանում է ստանալ ԼՂ հակամարտության որոշակի լուծում կամ գոնե երկարացնել ստատուս քվոն: Այնպես որ՝ չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ից պետք է ակնկալել հայտարարություններ, քանի որ ՌԴ-ն աշխատում է»,- մեկնաբանեց Ալեքսանդր Գոլցը՝ հավելելով, որ եթե սկսվի պատերազմ, ապա դա կլինի ռուսական դիվանագիտության ամբողջական տապալումը ԼՂ հակամարտության գոտում: Նրա համոզմամբ՝ ՌԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականությամբ օգտագործում է բոլոր ռեսուրսները, որպեսզի պատերազմ չսկսվի:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նրանք իրենց երկխոսության ընթացքում անդրադարձել էին օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպին և դրա հետևանքով առաջացած իրավիճակին, որը, Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ, քննարկման թեմա կդառնա նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:







































