Ֆրանսիական Voici պարբերականը լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Ժյուլի Գայիեն դուրս գալիս Ելիսեյան պալատից և նստում պահնորդներով մեքենան: Կան այլ լուսանկարներ, որտեղ Գայիեն և Օլանդը զրուցում են պալատի պատշգամբում նստած՝ հաղորդում է The Telegraph-ը:
Իր հերթին Voici ամսագրի ներկայացուցիչը հայտարարել է, որ խմբագրությունն այդ կերպ պատասխանել է այն մարդկանց հարցերին, որոնց հետաքրքրում է նախագահի կյանքը: Իրենց արարքով նրանք չեն ցանկացել անհանգստացնել Ելիսեյան պալատի աշխատակիցներին և նկարահանման ժամանակ տեսախցիկներով դրոններ չեն կիրառել:
2014 թ. հունվարի կեսերին Closer ամսագիրը լուսանկարներով հոդված էր հրապարակել, որն ապացույց հանդիսացավ Ֆրանսիայի նախագահի և դերասանուհի Ժյուլի Գայիեի գաղտնի սիրային կապի մասին: Այդ հարաբերությունների փաստը նախագահը չի ժխտել, միայն հայտարարել է, որ ինքն ու իր քաղաքացիական կինը՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերը, կյանքի ծանր փուլ են ապրում: Ավելի ուշ Օլանդը հայտարարել էր, որ իրենց հարաբերություններին վերջ է դրվել: