Մինչ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պարզաբանում են իրենց հարաբերությունները, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությանը հանձնարարել է վերադառնալ ոչ իշխանական ուժերի առաջ քաշած 12 կետերին և մանրամասն ևս մեկ անգամ աչքի անցկացնել դրանք ու ճանապարհային քարտեզ կազմել յուրաքանչյուր կետի կատարման հնարավորությունների վերաբերյալ:
Ոչ մի կասկած չկա, որ ոչ իշխանական ուժերը Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընկալելու են որպես իրենց հուժկու պայքարի արդյունքում գրանցված նահանջ: Սակայն ըստ էության շատ հետաքրքրական վիճակ է ստացվում այս առումով: Իրավիճակը իսկապես կարելի է գնահատել որպես Սերժ Սարգսյանի նահանջ, որը ոչ իշխանական ուժերի հանրահավաքային ալիքից ազդված՝ որոշել է վերանայել 12 կետերի վերաբերյալ նրանց պահանջները, որը մերժել էր հանրահավաքային ալիքից առաջ: Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի նահանջով հանդերձ, ըստ էության, նահանջելու է նաև ոչ իշխանական եռյակը, որովհետև եթե իրավիճակը վերադառնում է 12 կետերին, ապա, բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր մնացին իշխանափոխությունը, արտահերթ ընտրությունները, ռեժիմի տապալումը և այլն:
Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը նահանջում է՝ իր հետ տանելով նաև ոչ իշխանական ուժերին: Կգնան այդ ուժերը Սերժ Սարգսյանի հետևից, թե ոչ՝ այժմ դժվար է ասել: Խնդիրն այն է, որ 12 կետերն ըստ էության եղել են ԲՀԿ-ի կետերը, և հենց այս 12 կետերի պայմանով է, որ ԲՀԿ-ն ոչ իշխանական պայքարի ճակատն է կազմել, որովհետև «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դրել են առավել արմատական պահանջներ: Ըստ որում, հետաքրքրականն այն է, որ Սերժ Սարգսյանը այս կետերի մասին հայտարարությունն անում է ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում ունեցած լինելու վերաբերյալ այդպես էլ չորոշակիացած խոսակցությունների ֆոնին: Սրան զուգահեռ՝ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հայտարարում էր, որ իրենք իշխանություններին պահանջ չեն ներկայացնելու և կքննարկեն ընդամենը իշխանությունների առաջարկները:
Փաստորեն Սերժ Սարգսյանը առաջարկում է 12 կետերի վերադարձ, սակայն այստեղ էլ ուշագրավ է, որ ՀԱԿ-ը այս իրավիճակում ԲՀԿ-ին անուղղակիորեն, սակայն բավական թափանցիկ ակնարկով մեղադրում է հանրահավաքային ալիքից հրաժարվելու մեջ: Սրա պատճառը ըստ էության այն է, որ Սերժ Սարգսյանի առաջարկը վերաբերում է ԲՀԿ-ի մոտեցումների 12 կետերին:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը նահանջում է, սակայն, ինչպես երևում է, նրա այս նահանջով ոչ իշխանական ուժերը ոչ թե հաղթանակին են մոտենում, այլ անհամաձայնություններին: Եվ բացառել պետք չէ, որ հենց այս հաշվարկով էլ Սերժ Սարգսյանը նահանջում է՝ ոչ իշխանական ուժերի անհամաձայնությունները սրելու համար:
Այժմ նա եռյակին կանգնեցրել է իսկապես տհաճ փաստի առաջ, որովհետև հարց է առաջանում, թե ինչ պետք է անեն ոչ իշխանական ուժերը Սերժ Սարգսյանի նախաձեռնության հետ: Եթե նրանք ընդունում են նախաձեռնությունը, ապա ըստ էության ստացվում է, որ իշխանափոխությունը հետաձգվում է: Իսկ ինչ անել չընդունելու դեպքում: Այս հարցի պատասխանը ոչ իշխանական ուժերը չունեն, թեև խնդիրն այն է, որ նրանք չունեն նույնիսկ ավելի պարզ հարցերի պատասխաններ՝ թե ինչով են զբաղված նրանցից ամեն մեկը «ժողովրդական շարժումից» ազատ ժամանակ: