Ոչ իշխանական քառյակը, ինչպես և խոստացել էր, արդեն հավաքել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը, և այսօր երեկոյան հնարավոր է՝ քննարկվի ԲՀԿ Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր նախագիծը:
«Մի՛ ոգևորվեք, իշխանությունը ձեր ոգևորությանը հակառակն է անելու և փորձելու է ամեն ինչ անել, որ նիստը չկայանա: Երեկ էլ արտահերթ նիստ կար 18:30-ին, բայց ոչ մի հանրապետական չի մասնակցել: Այսօր էլ են նույնն անելու: Իրենց մտածողությամբ՝ այն, ինչ որ իրենք ընդունել են, շատ ճիշտ է: Եթե ուզում եք այս օրենքն անցնի, եթե ուզում եք իրենք ընկրկեն, ապա դուք պետք է առաջ գնաք: Դուք պետք է մասնակցեք, նիստի ժամանակ փորձեք հանրապետական պատգամավորներին ճնշել, որ իրենք մասնակցեն նիստին, ինչը իրենց զուտ պարտականությունն է: Եթե ուզում եք ճնշում լինի, եթե ուզում եք՝ Հանրապետականը ձեզ հետ հաշվի նստի, եթե ուզում եք՝ ձեր օրենքը կայանա, ընդունվի, ապա ձեր աջակցության կարիքն ունենք: Մենք մեր անելիքը արել ենք և անելու ենք: Մնացածը դուք որոշեք»,- այս մասին այսօր ԱԺ շենքի դիմաց բողոքող առևտրականներին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: