Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան ամերիկյան Enterprise ավիակրի գլխավորած հարվածային խմբավորումը, որն առաջ է շարժվում դեպի Պարսից ծոցի իրանական ափեր, մտել է Միջերկրական ծով: Այս մասին հայտարարել է Նեապոլում բազավորված ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի միացյալ հրամանատարությունը:
Միջերկրական ծովի արևմտյան հատվածում Enterprise ավիակրին դիմավորել է Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի մշտական զորամիավորումը, որի կազմում գտնվել են հոլանդական, գերմանական ու կանադական ֆրեգատներ:
Enterprise ավիակրի հարվածային խմբավորման կազմում են ներառված 1 հրթիռակիր հածանավ, 3 էսկադրոնային ականակիր, 1 հարվածային ատոմային սուզանավ, ինչպես նաև 1 լցանավ: Ակնկալվում է, որ այս խմբավորումը որոշ ժամանակ գտնվելու է Միջերկրական ծովում, այդ թվում՝ նաև Սիրիայի ափերի մոտ, իսկ հետո Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով դուրս է գալու Արաբական ծով և Պարսից ծոց:
Ներկայիս դրությամբ Պարսից ծոցում է գտնվում Abraham Lincoln ավիակիրը, իսկ նրա հարևանությամբ՝ Արաբական ծովի հյուսիսային մասում՝ Carl Vinson ավիակիրը:









































