Անդերս Բերինգ Բրեյվիկի դատապաշտպանները մտադիր են համոզել դատարանին, որ իրենց պաշտպանյալը հիմնավոր մտավախություն ուներ, որ մահմեդականները Նորվեգիան իրենց իշխանության տակ կգցեն: Այդ նպատակով որպես վկաներ կներկայանան Մոհիելդին Մոհամմադը, մոլլա Կրեկերը և իսլամիստ Արֆան Բհատտին:
Փաստաբան Գայր Լիպպեստադը նշել է, որ նորվեգացիների մեծամասնությունը կհասկանա նրա արարքը այն բանից հետո, երբ Կրեկերը և Բհատտան վկայություն կտան դատարանում:
Բրեյվիկի մեկ ուրիշ դատապաշտպան Վիբեկ Հայն Բարան NRK հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Բրեյվիկը չի տառապել հոգեկան շեղումներով, երբ ծրագրավորել է ահաբեկչության իրականցումը:
Փաստաբանը վստահեցնում է, որ կիսում է Բրեյվիկի այն տեսակետը, որ Եվրոպան գտնվում է պատերազմական վիճակում:
«Մենք ցանկանում ենք լույս սփռել այն հարցի վրա, թե ինչու Բրեյվիկը սկսեց իր պայքարը: Նա հայտարարել է, որ մղում է այդ պայքարը, որովհետև Նորվեգիան կնվաճվի մահմեդականների կողմից: Այդ պատճառով մենք մի քանի վկաների կներկայացնենք, որոնք կասեն, թե ինչու է նա դրանից վախենում»,- նշել է Բարան:
Հարկ է նշել, որ Մոհիելդին Մոհամմադը երևացել է հեռուստատեսությամբ Dagbladet հրատարակչության կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների տպագրման հետևանքով երկրում սկսված բողոքի ցույցերի ժամանակ: Նրան վերջերս ձերբակալել էին YouTube-ում տեղակայված հոլովակի համար, որով նա սպառնում էր երկրի թագավորական ընտանիքին և կառավարության անդամներին:
Մոլլա Կրեկերը, ով արդեն 20 տարի է, ինչ ապրում է Նորվեգիայում՝ որպես փախստական, ավելի վաղ դատարանում հայտարարել էր, որ նրանք, ովքեր վառում են Ղուրանը, արժանի են մահվան:
Բացի այդ, Կրեկերը գտնում է, որ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները տպագրելը պատերազմի հայտարարություն էր մուսուլմաններին: 2005 թ. նա հայտարարել էր, թե «ամերիկացիներն արժանի էին 9/11 հարձակումներին»: Դատախազությունը Կրեկերի համար պահանջում է հինգ տարվա ազատազրկում:
Արֆադ Կադիր Բհատտին, ևս մեղադրվել է ահաբեկչության մեջ: Նա բազմիցս հայտարարել է, որ շարիաթ դավանող մահմեդականներն առավելություն ունեն մյուսների նկատմամբ, այդ իսկ պատճառով նա ձգտում է նորվեգական օրենքները փոխել շարիաթի օրենքներով: Նա կապ ունի 2006 թ. Օսլոյում սինագոգի վրա հարձակման հետ:
Հիշեցնենք, որ 2011 հուլիսի 22-ին Բրեյվիկի իրականացրած ահաբեկչության զոհ դարձավ 77 մարդ: Մարտի 7-ին Բրեյվիկին պաշտոնական մեղադրանք ներկայացվեց ահաբեկչություն իրականացնելու համար: Համաձայն մեղադրող կողմի՝ Բրեյվիկն իրականացրել է ահաբեկչությունը հասարակությանն ապակողմնորոշելու համար: Նրան մեղադրել են նաև դիտավորյալ սպանության մեջ: Ինքը՝ Բրեյվիկը, իրեն մեղավոր չի ճանաչում:
Այս գործի դատական լսումները սկսվելու են ապրիլի 16-ին: Նշենք, որ ահաբեկչության մասին հոդվածը նորվեգական դատական պրակտիկայում կիրառվում է առաջին անգամ:







































