ԱՄՆ պոռնոինդուստրիայի ներկայացուցիչներին խիստ անհանգստացրել է նախագահական ընտրությունների թեկնածու, հանրապետական Ռիք Սանտորումի այն հայտարարությունը, թե ընտրվելու դեպքում ինքը պատրաստվում է «խիստ միջոցներ ձեռնարկել» և պոռնոֆիլմերը համարել անօրինական:
Ինչպես հաղորդում է Forbes-ը, պոռնոֆիլմեր արտադրողները և դրանցում նկարահանվող դերասանները համոզված են, որ Սանտորումը այդպիսով փորձում է ոչ թե ամրապնդել երկրի բարոյական նորմերը, այլ հավաքել բնակչության որոշակի շերտի ձայները:
Ավելի վաղ հասարակության ավելի պահպանողական շրջանակները ներկայացնող Սանտորումը պահանջել էր արգելել պոռնոֆիլները համացանցում, վերահսկողություն սահմանել հեռուստատեսության, ինչպես նաև հյուրանոցների և սեքս-շոփերի վրա:
«Ամերիկան բռնկված է պոռնոգրաֆիայի պանդեմիայով, որը թունավորում է ամուսնությունը, վատ է անդրադառնում հարաբերությունների վրա՝ առաջացնելով կնոջ նկատմամբ բռնություն, ինչպես նաև մարմնավաճառության աճ»,- ասվում է Սանտորումի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հիշեցնենք. ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: The Washington Post թերթի ABC News հեռուստաալիքի անցկացրած սոցհարցման տվյալներով՝ եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային այսօր, ապա Ռոմնին կշրջանցեր Օբամային (49%-ը 47%-ի դիմաց), իսկ Սանտորումը գործող նախագահին կզիջեր 3 տոկոսային միավորով (46%-ը 49%-ի դիմաց):











































