Օգյուստ Ռոդենի հայտնի «Կալեի քաղաքացիներ» քանդակը, որը կանգնած է Լոնդոնի խորհրդարանի շենքի դիմաց, մնացել է առանց տիրոջ:
Ինչպես գրում է The Art Newspaper պարբերականը, 1908 թվականին ստեղծված բրոնզե քանդակը Բրիտանիային է նվիրաբերել Արվեստի հիմնադրամը (The Art Fund), որը այն ձեռք է բերել 1911 թվականին 2,4 հազար ֆունտ ստերլինգով: Երկու տարի անց Ռոդենը տեղափոխվել է Լոնդոն, որպեսզի քննարկի քանդակի տեղադրման վայրը:
1915 թվականին «Կալեի քաղաքացիներ» քանդակը տեղադրվել է Վեստմինսթերյան պալատի դիմաց: Քանդակի տեղադրմամբ զբաղվում էր Office of Works թագավորական վարչությունը, որը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերածվել է շինարակական աշխատանքների պահպանության նախարարության (Ministry of Works): Ավելի ուշ վարչությունը կորցրել է իր գործառույթների մի մասը, որոնք փոխանցվել են տարբեր գործակալությունների:
Գործառույթների մի մասն անցել են շրջակա միջավայրի պաշտպանության, արդյունաբերության և գյուղատնտեսության նախարարությանը: Հենց այդ վարչությունն էլ հոկտեմբերին հայտարարել է, որ ինքը Ռոդենի քանդակի սեփականատերը չէ:
Խորհրդարանում արվեստի հանձնաժողովը նշել է, որ հուշարձանը իրեն ևս չի պատկանում: Պարզվել է, որ «Կալեի քաղաքացիներ» քանդակը չի համարվում նաև Թագավորական այգիների սեփականությունը, որոնք տնօրինում են «Վիկտորյայի աշտարակներ» այգին, որտեղ և գտնվում է քանդակը:
Թագավորական այգիներից պարբերականին հայտնել են, որ քանդակը պատկանում է Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարությանը, սակայն նախարարությունից հայտնել են, որ հուշարձանը իրենցը չէ: Ընդ որում, վարչությունում փաստաթղթերը ստուգվել են մի քանի անգամ:







































