Ղարաբաղը 30 տարի շարունակ ասոցացվել է հակամարտության հետ, սակայն Ադրբեջանը ձգտում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը․ ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը։
«Վերջին 30 տարիների ընթացքում Ղարաբաղը ասոցացվել է պատերազմի, հակամարտության և արյունահեղության հետ։ Սակայն պահպանելով անցյալի ողբերգությունների հիշատակը, մենք նայում ենք դեպի ապագա՝ Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ ապագային», – ասել է նա։
Նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանը իր արտաքին քաղաքականության մեջ միշտ առաջնահերթություն է տվել բոլոր հարևանների հետ բարիդրացիական և խաղաղ հարաբերություններին։
«Սակայն այս առաջնահերթությունը լիովին իրագործել հնարավոր չէր, քանի որ մենք գտնվում էինք Հայաստանի հետ հակամարտության մեջ։ Բայց այսօր կարող եմ ասել, որ Ադրբեջանն արդեն հաստատել է բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ», – ընդգծել է նա։
Հաջիևը հավելել է նաև, որ Կովկասյան տարածաշրջանում ձևավորվում է նոր ստատուս-քվո՝ հիմնված օրինականության, լեգիտիմության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։









































