«Առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկելու այդ մոտեցումը և համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման և վավերացման հետ կապված բոլոր հարցերը»,- Նիդերլանդների արտգործնախարարի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը՝ խոսվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին:
Փաստորեն Հայաստանի արտգործնախարարն ազդարարում է հայ-ադրբեջանական մոտալուտ հանդիպում: Համենայն դեպս, նա ասել է, որ Հայաստանն արդեն իր տեսակետը հայտնել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական 12-րդ խմբագրման առնչությամբ, որի տեքստը ստանալու մասին Երևանը հայտարարել էր մոտ երկու շաբաթ առաջ: Այդ տեքստը ստանալուց հետո, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը գրեց հայտնի հոդվածը ճանապարհների ապաշրջափակման թեմայով:
Եթե Միրզոյանը նշում է, որ առաջիկայում կլինի ադրբեջանական կողմի հետ քննարկման հնարավորություն, ապա դա նշանակում է, որ դիտարկվում է հանդիպման տարբերակ: Միրզոյանը, իհարկե, չի մանրամասնել, թե որտեղ, ինչ ձևաչափով, ում միջնորդությամբ կամ նախաձեռնությամբ: Այդ քննարկումը կարող է լինել արտաքին գործերի նախարարների՞, թե՞ երկրների ղեկավարների, այսինքն` Փաշինյան-Ալիև մակարդակով: Ընթացիկ տարում եղել է արդեն երկու միջազգային խոշոր միջոցառում, որոնց ընթացքում, սակայն ոչ միայն չի եղել հայ-ադրբեջանական հանդիպում Փաշինյան-Ալիև կամ Միրզոյան-Բայրամով մակարդակով, այլ նույնիսկ խոսակցություն չի եղել այդպիսի հանդիպման կազմակերպման մտադրության մասին: Խոսքը Դավոսի համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի մասին է:
Ավելին, հանդիպումներ, ըստ էության, չկան դեռևս նախորդ հոկտեմբերից, երբ Կազանում կայացավ Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը: Հետո, նոյեմբերին, Ադրբեջանը հրաժարվեց Մալթայում ԵԱՀԿ նախարարական կոմիտեի շրջանակում հանդիպել արտգործնախարարների մակարդակով, ինչը կազմակերպելու ցանկություն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Դեկտեմբերի վերջին էլ Հայաստանի վարչապետը կորոնավիրուսի պատճառաբանությամբ չմեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայանում էր ԱՊՀ երկրների գագաթնաժողովն ու որին ներկա էր Իլհամ Ալիևը:
Որտեղ և ինչպես է «խախտվելու» հայ-ադրբեջանական վիզուալ հանդիպումների դադարը, և դա արդյո՞ք նշանակում է, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ համաձայնությունից զատ, այդ հանդիպումն ընդհանրապես կարող է հնարավոր դառնալ բովանդակային հարցի շուրջ որևէ համաձայնության շնորհիվ: Կարո՞ղ էր այդ հանգամանքը հետաքրքրություն առաջացնել թուրքական լրատվամիջոցների մոտ, որոնք նախօրեին Նիկոլ Փաշինյանի հյուրն էին և հարցազրույց են անցկացրել նրա հետ: Իսկ մի քանի օր առաջ էլ Ալիևը Էրդողանի հյուրն էր, որը հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Իհարկե, Ալիևի Անկարա այցից հետո Ադրբեջանն աչքի է ընկել ոչ թե կառուցողական հռետորաբանությամբ, այլ Հայաստանին ներկայացվող նոր պահանջով՝ «կառուցողական համագործակցել և հանձնել «ռազմական հանցագործներին»»: Դա Իքսի միկրոբլոգում գրել էր Ալիևի օգնական Հաջիևը, որը նախօրեին էլ Լոնդոնում հանդիպել էր Բրիտանիայի պաշտպանության նախարարության պետական նախարարին:










































