Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումից և Արցախի մեր հայրենակիցների Հայաստանում ապաստանելուց հետո հաճախ են հնչում կոչեր, ուղղված հայաստանցի սեփականատերերին՝ իրենց անշարժ գույքը վարձակալության տալ մատչելի գնով, որովհետև արցախցի մեր հայրենակիցները բարձր վճարունակություն ունեցող եկվորներ չեն, այլ բռնի տեղահանված փախստականներ, որոնց մի զգալի մասը ունի անգամ սննդի և հագուստի, առաջին անհրաժեշտության ապրանքների տարրական կարիք: Տներն էժան վարձակալության տալու կոչին է միացել անգամ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը: Դժվար է ասել, այդ կոչը այսպես ասած պաշտոնեական, թե պարզապես անձնական նախաձեռնություն է, այդուհանդերձ, վարձակալությամբ տրվող բնակարանների կամ տների վերաբերյալ այդօրինակ կոչերի հանգամանքը ինքնին ըստ էության պետական մեքենայի անգործության կամ խափանված, թերի աշխատանքի մի նոր վկայություն է: Այդ հարցերը չեն կարգավորվում և չեն կարող կարգավորվել կոչերով, առավել ևս տարերային, շատ դեպքերում ընդհուպ հուզական երանգներ պարունակող, հայրենասիրական լարերի վրա կառուցվող կոչերով:
Բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավն ու ծանր վիճակն այնքան տեսանելի և ցցուն է, որ, աչք ունեցողը դա կտեսնի և առանց որևէ կոչի էլ կհասկանա՝ ըստ այդմ վարձակալության տրվելիք բնակարան ունենալով, կսահմանի մատչելի գին, իսկ աչք չունեցողը, ականջ չունեցողը չի տեսնի և չի լսի նաև էժան գին սահանելու կոչերը: Ըստ այդմ, պետք է համակարգված լուծում, թե տեղեկատվա-քարոզչական դաշտում, թե կարգավորման մեխանիզմների: Եթե խնդրի լուծումը պատկերանում է լոկ տեղեկատվա-քարոզչական միջոցներով, կոչերով, հորդորներով, ապա դրանք էլ թերևս պետք է իրականացվեն պետական կազմակերպման և համակարգման ներքո, օգտագործելով տարաբնույթ մասնագիտական հմտություններ՝ մարդկանց վրա առավել արդյունավետ ներգործության և լայն էֆեկտի համար:
Միաժամանակ, դա կարևոր է նաև մեկ այլ տեսանկյունից՝ խնդիրների լուծման գործում պետությունը պետք է ունենա գերակա ներկայություն և դեր, որպեսզի գործընթացի բոլոր մասնակիցները համակված լինեն ոչ թե պետության բացակայության կամ պետական համակարգի թերի աշխատանքի, այլ հակառակը՝ ներկայության և առաջնորդության զգացումով և մտայնությամբ: Սրանք կարևոր հարցեր են, որոնք անտեսելու պարագայում մենք կարող ենք ներկայումս հասարակական հիմունքներով կատարվող դրական գործողությունների և լուծումների ողջունելի փաստի «տողատակում» ստանալ պետության,պետական համակարգերի հանդեպ անվստահության «սողացող» մի ալիք, որն իր հետևանքը կարող է թողնել արդենայլ, ավելի ընդգրկուն և խորքային հարցերի վրա, ավելի կարևոր և վճռորոշ պահերի ու խնդիրների առնչությամբ: Օրինակ, երբ Հայաստանի վարչապետն էլ կառավարության նիստում կոչ է անում արցախցիներին չարտագաղթել Հայաստանից, կապել իրենց պլանները Հայաստանի հետ, թերևս այդ կոչերի փոխարեն պետք է կոչ անի պետական համապատասխան կառույցների՝ հնարավորինս արագ ժամկետում, օպերատիվ կերպով մշակել հաղորդագրության փաթեթ՝ արցախահայությանը Հայաստանում կյանքի առնվազն միջնաժամկետ հեռանկարի ուրվագծով, որը չի ենթադրի միայն ֆինանսական հատկացումների կամ աշխատատեղերի հնարավորության տարրեր, այլ կունենա ընդհուպ արժեգաղափարական հենք, կնախանշի Հայաստանում կյանքի կազմակերպման որոշակի ճանապարհային քարտեզ:









































