ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու։
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»,- գրել է Փաշինյանը։
Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի), տեղեկացրել էին ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշել էր, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում:
Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 284 մարդ, տուժել՝ գրեթե 2,5 հազար մարդ, հայտնել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:







































